«Այն, ինչ արեց Թոքմաջյանը, լուրջ մարդուն ոչ հարիր կեցվածք է»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում այսպես արձագանքեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը նույն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի՝ օրերս ցուցադրած տեսանյութին ի պատասխան։
Նրա պնդմամբ՝ այդ տեսանյութը բացարձակ ոչինչ չի նշանակում. «Մարդկանց նկարում են, ժամերի հետ խաղեր են անում, հետո տակից երաժշտություն են միացնում, Կաշպիրովսկու ձայնով մի աղջիկ ինչ-որ բաներ է ասում… Փորձում են մարդկանց ներշնչելով ինչ-որ մեղավորներ «հրամցնել», բայց չէ՞ որ կա քննչական մարմին, որն ուսումնասիրում է և ըստ այդմ՝ եզրակացություն անում: Թե չէ՝ ո՞վ չգիտի, որ համակարգչի ժամն էլ կարելի է հետ տալ, օրն էլ, ամեն ինչն էլ: Այդ տեսանյութը բացարձակ անհիմն մի բան է: Եթե այդտեղ ինչ-որ բան լիներ, քննիչները հաստատ մեղադրանք կառաջադրեին: Նա, պարզապես, փորձում է իր իմիջը փրկելու համար իր վրայի կեղտը ուրիշի վրա մաքրել, որը շատ ցածր արարք է: Բնական է, որ մարդը փորձում է իր վրայի կեղտը մաքրել, բայց շատ անբարոյական է, երբ դա արվում է երիտասարդներին վարկաբեկելու եղանակով: Ուրիշին վարկաբեկելով՝ ինքդ չես մաքրվի: Դա պարկեշտ մարդուն չի բնութագրում»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Հովհաննես Թոքմաջյանն ինչ արեց, ի վնաս իրեն արեց:
«Ի դեպ, հայտնի վիրտուալ սկանդալը նրան այնքան չվարկաբեկեց, որքան դրանից հետո իր գործողությունները»,- հավելեց Աշոտ Խաչատրյանը՝ հստակեցնելով, որ նկատի ունի բարոյահոգեբանական այն մթնոլորտը, որ, նրա խոսքով, Պոլիտեխնիկում ձևավորել է Թոքմաջյանը:
Ի դեպ, ինչպես արդեն նշել ենք, Աշոտ Խաչատրյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Վլադիմիր Խոեցյանի քեռին է:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ