Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ երեւանյան գրասենյակի ղեկավար. «Որտեղ կանանց մասնակցությունն աճում է տնտեսությունում՝ 1 շնչին հասնող եկամուտը 27%-ով ավելանում է»

Հունիս 08,2015 17:15

Այսօր մեկնարկեց «Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողովը , որը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) եւ կին ձեռներեցների ասոցիացիայի կողմից:

Համաժողովին ներկա արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) երեւանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեզը ներկայացրեց վիճակագրական տվյալներ կանանց զբաղվածության եւ աշխատաշուկայում գենդերային խտրականության մասին: Ըստ տիկին Սանչեսի, երբ կանայք մասնակցություն չունեն երկրի տնտեսությունում, դա իր հետ բերում է մեծ ծախսեր:

«Մենք կարծում ենք, որ կա խնդիր՝ կանանց մասնակցությունը տնտեսությունում ցածր է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Թվերը շատ մտահոգիչ են, նախ ամբողջ աշխարհում կանայք կազմում են 50%, նույնիսկ մի փոքր ավելի շատ են, քան տղամարդիկ, սակայն մասնակցությունը ձեռներեցությանը, շատ ցածր է: Այս կանանց 50%-ն է, որ աշխատանքային տարիքում է եւ զբաղվածություն ունի: Տարբեր երկրներում այս թվերը տարբեր են՝ Հայաստանում այս թիվը 50%-է՝ ամբողջ աշխարհի նման, սակայն տղամարդկանց մասնակցությունը շուկայում՝ 75%-է: Սա հսկայական մեծ տարբերություն է: Երբ երկիրը շատ -շատ աղքատ է, շատ կանայք աշխատում են, որովհետեւ այլ ճանապարհ չկա, ռեսուրսներ են պետք, փող է պետք երեխաներին դաստիարակելու համար: Շատ հարուստ երկրներում էլ կանանց մասնակցությունը բարձր է, որովհետեւ կրթություն ունեն, եթե տանը մնան, շատ փող են կորցնելու: Հայաստանում խնդիրն ավելի սուր է, կանանց զգալի մասը չի աշխատում, խրախուսանքը քիչ է, խնդիրները՝ շատ»:

Տիկին Սանչեսի խոսքերով՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կանայք 2 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում տնային գործերի վրա, քան տղամարդիկ, 4 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում երեխաների վրա. «Սա նշանակում է, որ ինչ որ մեկն այս աշխատանքն անվճար անում է, իսկ տղամարդիկ շատ ժամանակ են ունենում տանից դուրս աշխատելու, կարիերան զարգացնելու համար, դիսբալանս կա, սա նույնպես խնդիր է: Եզրակացությունն այն է, որ կանանց ակտիվ մասնակցությունը տնտեսության մեջ ցածր է»:

ԱՄՀ երեւանյան գրասենյակի ներկայացրած տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում կանայք աշխատաշուկայում ավելի վատ պայմաններով են աշխատում, քան տղամարդիկ: Օրինակ, ինչպես ասաց տիկին Սանչեսը, ըստ վիճակագրության, կես դրույքով աշխատանքի մեծ մասը կանայք են անում. «Երբեմն, մտածում եմ, որ սա լավ է, երեխաների համար շատ ժամանակ կլինի, բայց խնդիրն այն է, որ երբ կես դրույքով է աշխատում, միգուցե ընտանիքի համար լավ է, բայց կնոջ համար լավ չէ, որովհետև վերապատրաստում չի ենթադրվում, այս կանայք հեղինակություն ու առավելություն չունեն, կրճատումների տակ առաջինն են ընկնում»:

Ըստ նույն վիճակագրության, կանայք ավելի շատ զբաղված են գյուղատնտեսության ոլորտում եւ ծանր աշխատանք են անում, առողջապահությունում, ծառայությունների, կրթության ոլորտներում, բայց ինժեներական մեծ ծրագրերի ղեկավարներ՝ քիչ են: Աշխատավարձերի գենդերային մեծ ճեղքվածք կա, ըստ Սանչեսի, նույն որակավորում ստացած մասնագետներից կանայք տղամարդկանցից ավելի քիչ են վարձատրվում. Այս խնդիրը առկա է նույնիսկ զարգացած երկրներում:

Հարուստ երկրներում, ըստ միջազգային հետազոտության տվյալների, կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի 16% տարբերություն կա, կին ձեռներեցներն էլ ավելի քիչ եկամուտ են ստանում. «Սա գենդերային բացն է: Վիճակագրությունը ցույց է տալիս՝ կանայք իրենց բիզնեսին շատ ժամանակ չեն հատկացնում, քանի որ այլ զբաղվածություն ունեն, այլ բաներ ունեն անելու, ժամանակ չունեն բիզնեսը զարգացնելու համար: Կանայք հաճախ փոքր բիզնեսում են, որովհետեւ չեն ուզում իրենց կյանքը բարդացնել , փոքր բիզնեսը լավ բան է նոր սկսելու համար, բայց սովորաբար նման դեպքում կանայք չունեն համապատասխան հմտություններ՝ մրցակցելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու, եւ նրանք ավելի խոցելի են: Երբ համեմատում ենք տարբեր երկրները, տեսնում ենք, որ իշխանության, կառավարությունում, վարչակազմում կին ղեկավարները քիչ են: Ըստ վիճակագրության, գենդերային այս ճեղքվածքը 60-70-80 ական թվականներին բարելավվել էր, բայց հիմա իրավիճակը կանգնել է, չի զարգանում: Որոշ երկրներում կանայք ավելի խոցելի են՝ առաջինն են գործից ազատվում, բիզնեսն առաջինն են փակում»:

Նշված խնդիրները վերացնելու եւ կանանց աջակցելու համար, ինչպես ասաց Սանչեսը, ԱՄՀ-ն համագործակցում է կառավարությունների հետ, եւ պատրաստ է ծրագիր մշակել համապատասխան կառավարության համար, եթե նման առաջարկ լինի:

Իսկ թե ի՞նչ է առաջարկում ԱՄՀ-ն, տիկին Սանչեսը թվարկեց՝ թիրախավորված եւ լավ մշակված հարկային արտոնություններ կանանց, օրենսդրական փոփոխություն. «Կանանց համար բյուջեի ծախսային մասում էլ կան հնարավորություններ շատ բան անելու:Երեխայի խնամքի համար ոչ միայն կանանց տան արձակուրդ, այլեւ՝ տղամարդկանց: Եթե երեխայի խնամքն էժան ու մատչելի է լինում, կանանց մասնակցությունը բարձր է տնտեսությունում, եթե կենսաթոշակային լավ համակարգ կա, կանայք չպիտի տուժեն, որ տանը երեխա են պահում՝ դեկրետի պատճառով : Երբեմն կանայք վարկ չեն կարողանում վերցնել, որովհետեւ գույքը ամուսնու անունով է, կինը գույք չունի եւ գրավ չունի ներկայացնելու: Կրթությունը շատ կարեւոր է: Բացի այդ, կանայք տանից աշխատելու հնարավորություն պիտի ունենան: Կառավարությունները պետք է ապահովեն իրազեկման բարձր մակարդակ, որպեսզի կանայք իրենց իրավունքներն իմանան: Օրենսդրությամբ պիտի կարգավորվի, որպեսզի խտրականություն չլինի, որոշ երկրներում նույնիսկ կան աշխատանքներ, որոնք կանայք օրենքով իրավունք չունեն անելու, նման բաները պիտի վերացվեն:

Ի վերջո, վիճակագրությունը ցույց է տալիս՝ այն երկրներում, որտեղ կանանց մասնակցությունը աճում է տնտեսությունում՝ մեկ շնչին հասնող եկամուտը 27%-ով ավելանում է: Սա մեծ թիվ է, պետք է աշխատենք այս ուղղությամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930