Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն բերքահավաքի վերաբերյալ, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ և շրջվարչակազմերի ղեկավարները:
Բերքահավաքի ընթացքի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Ըստ նրա՝ հանրապետությունում մեծ թափով ընթանում է գարու բերքահավաքը. կատարվել է շուրջ 1200 հա հունձ, հավաքվել է ավելի քան 3300 տոննա բերք՝ միջին բերքատվության ցուցանիշը կազմելով 28,6 ցենտներ: Նախարարի տեղեկացմամբ՝ գյուղտեխնիկայի խնդիր չկա, և ներկայումս դաշտերում աշխատում է 74 կոմբայն:
Վարչապետը դրական է գնահատել բերքահավաքի նախնական ցուցանիշներն ու կատարվող աշխատանքը: Նա նշել է, որ առաջիկայում հանրապետություն կներկրվի ևս 10 գերմանական արտադրության կոմբայն, որոնք, ըստ առաջնահերթության, լիզինգային եղանակով կտրամադրվեն հողօգտագործողներին:
Անդրադառնալով գարու մթերման գնին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Չնայած «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից 105 դրամով գարու բերքի իրացում է կազմակերպվում, այնուհանդերձ, դեպքեր են արձանագրվել, երբ որոշ անհատներ ավելի ցածր գնով են գարին մթերում: Որպեսզի հողօգտագործողները չտուժեն, պետք է կանխել նման երևույթները, անհրաժեշտ է առավելագույնս տեղյակ պահել բոլորին կառավարության կողմից այս ուղղությամբ իրականացվող աջակցության ծրագրերի մասին»:
Կարդացեք նաև
Շրջվարչակազմերի ղեկավարների կողմից հարց է բարձրացվել հնձի աշխատանքների կազմակերպման հետ կապված՝ հողամշակների ֆինանսական խնդիրների մասին, ինչի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է ԳԳԱ հիմնադրամի կողմից կանխավճարի տեսքով ֆինանսական միջոցներ հատկացնել նրանց տրամադրելու համար:
Խորհրդակցության ավարտին Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ հնձի և ցանքսի կազմակերպման, հրդեհների կանխման և մարման ուղղությամբ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին