Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի անեկդոտները՝ չինացիների մասին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 08,2015 16:49

Այսօր Չինաստանի Սիան քաղաքի քաղաքապետ Դոն Ցզյունի գլխավորությամբ Գյումրիում էին այս քաղաքի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ: Պատվիրակության խմբում էին Սիանի «Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրենը, խեցեգործության եւ լաքերի արտադրության «Դանիք ՍՊԸ» կառավարիչը, Սիանի «Սվիչգեար էլեկտրոնիքս» ՍՊԸ փոխնախագահը եւ այլք:

Այսօր կնքվելու է հուշագիր Գյումրի եւ Սիան քաղաքների միջեւ, որով պաշտոնապես կվավերացվի վերջիններիս քույր քաղաք լինելը: Նշենք, որ Սիանը հիմնադրվել է ավելի քան 3100 տարի առաջ, եղել է Չինաստանի մայրաքաղաքը, ներկայումս ունի 8 միլիոնից ավելի բնակչություն, 1 միլիոն միայն ուսանողների քանակն է:

Balasanyan_3 Balasanyan_2 Balasanyan_4

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպելուց հետո, այս պատվիրակությանը ընդունեց նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետը, հյուրերին մանրամասն ներկայացնելով Գյումրու պատմությունը, ընդհուպ մինչեւ Նիկոլայ Ցարի այցելությունն այս քաղաք, այն Ալեքսանդրապոլ անվանելը, կատակով հասկացրեց, որ Գյումրին գործազուրկների քաղաք է ու չինացիները ճիշտ կանեն այստեղ որեւէ ներդրում կատարեն:

Զրույցը գնալով դարձավ ավելի անկեղծ, անմիջական, այն աստիճան, որ Շիրակի մարզպետը երկու անեկդոտ պատմեց հայերի ու չինացիների մասին: Իհարկե, գեներալ մարզպետը անեկդոտներով եւս հասկացրեց հյուրերին, որ անհրաժեշտ է բիզնես ծրագրեր անել հայերի հետ: Երբ Սիանի քաղաքապետը հայտարարեց, որ իրենց քաղաքում ուսանողների թիվը 1 միլիոն է կազմում, Ֆելիքս Ցոլակյանին մի պահ թվաց, թե խոսքը Չինաստանի ամբողջ ուսանողների թվի մասին է: Մեկ անգամ եւս ճշտելով, որ միայն Սիանի ուսանողներն են այդքան՝ ասաց.«Մի անեկդոտ կա եւ ես ուզում եմ պատմել այն. մի հայ ասում է՝ մենք ու չինացիները ամենամեծ ազգն ենք աշխարհում: Սա առաջին, երկրորդը՝ մեր հումորիստներն ասում են՝ եթե չինացիները մի օր չնախաճաշեն, ապա հայերը մի տարի կապրեն»:

Մարզպետի առաջին անկեդոտը բավական լրջությամբ ընդունեց Դոն Ցզյուն, որը գլխով արեց՝ կարծես ասելով, որ շատ լավ է, որ հայերի թիվը հավասար է չինացիներին: Մարզպետի այս անեկդոտից հետո ծիծաղեցին միայն առանձնասենյակում ներկա գտնվող հայերը: Իսկ երկրորդ անկեդոտը առաջացրեց չինացիների բուռն ծիծաղը:

Սիանի քաղաքապետը Շիրակի մարզպետին հրավիրեց Սիան՝ ասելով, եթե, իհարկե, վերջինս ժամանակ ունենա, Ֆելիքս Ցոլակյանը դարձյալ կատակեց. «Մեծ սիրով կգամ, եթե Գյումրու քաղաքապետը ինձ իր հետ բերի»: Վերջում նվերներ փոխանակեցին, մարզպետը Շիրակի մարզի երեխաների ձեռքի գործերից նվիրեց Սիանի քաղաքապետին. գինու խցաններից պատրաստված նկար էր, իսկ Սիանի քաղաքապետը սպիտակ ձի նվիրեց մարզպետին, այդ նույն ձիու կապույտ գույնը նվիրել էր Սամվել Բալասանյանին:

Նկատենք, որ չինացի պաշտոնյաները, մարզպետի առանձնասենյակում տեղավորվելուն պես, իրենց հեռախոսներով պարբերաբար ու բոլորը միաժամանակ նկարում էին Ֆելիքս Ցոլակյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930