ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը խորհրդարանում իր ելույթում նկատեց, որ առաջին դեպքն է, որ ՀՀ գլխավոր դատախազը՝ ԱԺ նիստերի դահլիճում, այլ ոչ հանձնաժողովի պատերից ներս հաղորդում է ներկայացնում: Մարգարիտ Եսայանը հիշեցրեց, որ մեր երկրի պատմության մեջ գլխավոր դատախազները ԱԺ են եկել կամ «պաշտոն ստանալու», կամ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար:
Ըստ Մարգարիտ Եսայանի՝ «գլխավոր դատախազն ընդհանրապես սիրելու բան չէ, սա չսիրվող պաշտոն է, քանի որ գործ ունի ինչ-որ մեկին բռնելու, շղթայելու հետ: Դրա համար էլ ժողովրդի մեջ գլխավոր դատախազի նկատմամբ նման կարծիք է ձևավորվել»:
Դառնալով Գևորգ Կոստանյանի հասցեին հնչեցրած քննադատություններին Մարգարիտ Եսայանն ասաց, որ նրան չի պաշտպանելու, քանի որ դրա կարիքը Կոստանյանը չունի ու հայտարարեց. «Ես նրան համարում եմ լավ ու թարմ գլխավոր դատախազի կերպար»:
Մարգարիտ Եսայանը քննադատեց այն տոնայնությունը, որով խոսվեց Գևորգ Կոստանյանի, նրա կանգնելու դիրքի մասին ու նկատեց, թե յուրաքանչյուր ոք իր ձևով է կանգնում ամբիոնի մոտ, որը կարող է դուր չգալ մյուսին, դա նորմալ է: Սակայն Մարգարիտ Եսայանի համար անընդունելի է այն, որ որոշ պատգամավորներ ճիշտ նույն տոնայնությամբ են խոսում, որի մասին դիտողություն են անում:
Կարդացեք նաև
Մարգարիտ Եսայանը հույս ունի, որ «գխավոր դատախազի հաղորդումը առաջինն է, բայց վերջինը չի լինի»:
Նա Գևորգ Կոստանյանին հորդորեց մամուլում եղած հրապարակումները մտահոգիչ հանցագործությունների մասին ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ