Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը». Աշոտ Հայրունի

Հունիս 08,2015 15:47

«Մարտի վերջին և ապրիլի սկզբին Գերմանիայի Բունդեսթագը տարբեր հանձնաժողովներում պատրաստել էր բանաձևեր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Գերմանիայի նախագահը հայտարարել էր, թե Բունդեսթագը պատրաստվում է քննարկել այդ հարցը: Սակայն Թուրքիան սկսեց ճնշումներ գործադրել Բունդեսթագի վրա, որից հետո սկսեցին բանաձևերից հանել «ցեղասպանություն» հասկացությունը և խոսել կոտորածների ու տեղահանությունների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ խոստացված բանաձևը չընդունելուն, ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերմանագետ Աշոտ Հայրունին:

Սակայն նա համոզված է, որ բանաձևի հարցը քննարկման կդրվի նախքան Բունդեսթագի արձակուրդ գնալը. «Այսինքն՝ այս գործընթացը կարող է տևել մինչև հուլիսի երկրորդ կեսը, և քանի որ մինչ այդ դեռ ժամանակ կա, կարծում եմ՝ բանաձևը որոշակի ազդեցություններ կկրի Թուրքիայի կողմից: Բայց չեմ կարծում, որ թուրքական ինչ-որ ճնշումներ կարող են ազդել բանաձևն ընդունելու որոշման վրա»,- նշեց Ա. Հայրունին:

Ինչ վերաբերում է բանաձևի բովանդակությանը, նա գտնում է, որ դրանում կան մեզ համար և´ ընդունելի, և´ ոչ ընդունելի տարրեր. «Մասնավորապես, եթե դրանք համեմատենք 2005 թվականի բանաձևի հետ, ապա կտեսնենք, որ սա մի քանի քայլ առաջ է, բայց, բոլոր դեպքերում, կան բաներ, որոնք խիստ վիճարկելի են ու թերի: Օրինակ՝ ընդունվում է Հոլոքոստի եզակիությունը, կոչ է արվում հայերի ոչնչացման փաստը դարձնել ուսումնական հաստատությունների նյութ՝ էթնիկական կոնֆլիկտների համատեքստում, նաև պատմական փաստերի վերլուծություն կատարել»,- ասաց պատմաբանը:

Դառնալով Հայաստանի գործողություններին՝ Ա. Հայրունին նկատեց, որ եթե մենք ձեռքներս ծալած նստենք-սպասենք, թե ինչ է լինելու, ի վերջո ինչպիսի բանաձև կընդունվի, ապա բոլորովին էլ մեր ցանկացած բանաձևը չենք տեսնի: «Մենք շատ անելիքներ ունենք: Մեր արտգործնախարարությունը պետք է Բունդեսթագի պատգամավորների հետ աշխատանքներ տանի, դա դժվար չէ: Պարզապես, պետք է աշխատել այն պատգամավորների հետ, որոնք իրենց կողմնորոշումը դեռևս չեն հստակեցրել»,- ասաց Ա. Հայրունին՝ ընդգծելով, որ դեռ ժամանակ կա դա անելու համար: Այս գործելակերպը, նրա համոզմամբ, շատ որոշիչ նշանակություն կարող է ունենալ և պետք է որդեգրվի մեր արտգործնախարարության կողմից:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930