Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցին բարդույթ ունի տանն օտար մարդ ընդունելու

Հունիս 08,2015 15:32

«Արշավների գնացող զբոսաշրջիկները ուսապարկերով աղբ են հավաքում եւ երբեք աղբը չեն թողնում այդ բնակավայրում, եթե համոզված չեն, որ այն կտեղափոխվի»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում ասաց «Էկոգյուղ» հ/կ նախագահ Եվա Հարությունյանը՝ ներկայացնելով էկոգյուղերի ստեղծման անհրաժեշտությունը:

Արդեն քանի ամիս է «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի», «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի», «Էկոգյուղ» եւ «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» հ/կ-ների համագործակցությամբ Արցախում իրականացվում է էկոգյուղի մոդելի ներդրման նախագիծ: Այն նպատակ ունի նպաստել Լեռնային Ղարաբաղի Խնձրիստան, Պատարա եւ Աստղաշեն համայնքներում էկոգյուղի զարգացումը:

Եվա Հարությունյանի խոսքերով, Արցախի այս համայնքներում կան հարյուրավոր մշակութային արժեքներ, որոնց մասին մարդիկ այնքան էլ տեղյակ չեն, սակայն այդ արժեքների նկատմամբ օր օրի հետաքրքրությունը կմեծանա, եթե ինչպես հարկն է մատուցվի: Արցախի մշակութային արժեքներով օտարերկրյա որոշ զբոսաշրջիկներ՝ Ֆրանսիայից, Գերմանիայից արդեն  հետաքրքրված են, քանի որ ուսումնասիրել են եւ այդ մասին տեղեկատվություն են տեղադրել համացանցում:

Ծրագրերի շրջանակում նախագծվել եւ ստեղծվել են երթուղիներ էկոտուրիզմի համար, տեղադրվել են տեղեկատվական, ուղեկցող և այլ տիպի ցուցանակներ էկոերթուղիների, տարածքի կենսաբազմազանության եւ պատմամշակութային ժառանգության վերաբերյալ: Գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի համար ստեղծել են մեկ կրպակ եւ երկու տաղավար, որոնք գտնվում են Ստեփանակերտից դեպի Գանձասար տանող ճանապարհին:

Ասուլիսի մեկ այլ մասնակից «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հ/կ նախագահ Արսեն Գասպարյանի խոսքերով, էկոգյուղի ստեղծման նպատակն է համայնքներն ու բիզնեսը զարգացնել, որպեսզի գյուղացիները օգտվեն զբոսաշրջիկների հոսքից:

Եվա Հարությունյանն ասաց, որ ծրագրի նպատակներից մեկն էլ համայնքները բնապահպանական ծրագրերում ներգրավելն է. «Եթե գյուղացին իմանա, որ այդ բնության միջոցով, ավելի շատ եկամուտ կստանա, ապա ավելի շատ կպահպանի իր գյուղը իր կենսաբազմազանությունը, եւ այդ ամենը պահպանելով ավելի շատ եկամուտ կստանա»:

Ծրագրի կազմակերպիչները դեռեւս չեն կարող ասել, թե որքան զբոսաշրջիկ է հետաքրքրված Արցախի էկոգյուղերով, քանի որ նախաձեռնությունն ընդամենը ձմռանից է մեկնարկել, սակայն պարզել են, որ հիմնականում հետաքրքրված են ռուսաստանյան տուրիստները: Ակտիվություն է նկատվում նաեւ եվրոպական երկրներից՝ մասնավորապես՝ Ֆրանսիայից, Գերմանիայից:

Եվա Հարությունյանն ասաց, որ արցախցիների մոտ որոշ բարդույթներ կան՝ իրենց տանը օտար մարդուն հյուրընկալելու, սակայն նրանց հետ աշխատանքներ տանելով, մարդիկ սկսում են իրենք գովազդել իրենց համայնքը, տեսարժան վայրերն ու բնությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930