Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատահեց Կոստանյանին, երբ Չայկայի մասին լսեց

Հունիս 08,2015 15:22

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկում էր, որ գազի հանձնաժողովի բացահայտումներն ու Գազպրոմի չարաշահումների մասին փաստերն ուղարկեն դատախազություն: Սակայն, հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը չէր համաձայնում՝ վստահեցնելով, որ դրանք ԱԺ կայքում կան, եթե դատախազությունն ուզենա գործ հարուցի, կվերցնի կայքից:

Այսօր լրագրողներն ԱԺ-ում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հարցրեցին՝ ի՞նչն է խանգարում Ձեզ, որ կայքից վերցնեք այդ տեղեկությունները եւ գործ հարուցեք:

Կոստանյանը պատասխանեց. «Ոչ մի բան չի խանգարում»: Նա հիշեց նաեւ Լեւոն Զուրաբյանի գնահատականը, որ ԶԼՄ-ներում բազմաթիվ հայտարարություններ կան հանցագործությունների վերաբերյալ, որոնց դատախազությունն ընթացք չի տալիս:

Գեւորգ Կոստանյանի խոսքերով՝ «Քանի որ ԶԼՄ-ները իրենց հաղորդումների հիմքում կամ հայտարարությունների մեջ, դրանց հիմքում դնում են կոնկրետ ֆիզիկական անձանց տեղեկությունները, օրինակ, լրագրողը հայտնում է՝ ինչպես հաղորդեց Պողոս Պետրոսյանը…այսպես: Հետեւաբար այստեղ չի գործում Քրեական դատավարության 179-րդ հոդվածը: Որովհետեւ տեղեկություն տված անձը ֆիզիկական անձն է, ոչ թե լրատվամիջոցը: Երբ լրագրողը ԶԼՄ-ում որեւէ ռեալ հանցագործության մասին հաղորդում է անում՝ վկայակոչելով կոնկրետ ֆիզիկական անձին, այն ժամանակ նյութերի նախապատրաստման արդյունքում հրավիրվում է ֆիզիկական անձը: Այստեղ գործում է ֆիզիկական անձանց հաղորդումների քննարկման կարգը»:

Լրագրողները մի քանի անգամ հարց ուղղեցին՝ Չայկայից ի՞նչ կա, Չայկայի նամակից ի՞նչ կա: Հարցը մի քանի անգամ կրկնելուց հետո Գեւորգ Կոստանյանը որոշեց չպատասխանել:

Կտրուկ փոխելով իր տրամադրվածությունը՝ հարցերին պատասխանելու, Կոստանյանն ասաց՝ լավ, ավարտեցինք ու արագ հեռացավ տարածքից՝ ճեղքելով օպերատորների տեսախցիկները: Լրագրողները փորձեցին պարզել՝ ո՞ր հարցին այդպես կաշկանդվեցիք, ի՞նչ պատահեց Ձեզ՝ Կոստանյանը ոչինչ չպատասխանեց՝ արագ մտնելով Հովհաննես Սահակյանի աշխատասենյակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930