Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ իր «ժեստիկուլյացիային», որի մասին խոսել էր Նիկոլ Փաշինյանը՝ օրենսդիր մարմնում մատ է թափ տալիս պատգամավորների վրա, ցուցամատն անընդհատ թափահարում է:
Լրագրողների դիտարկմանը, որ պատգամավորները նկատողություն արեցին Ձեզ՝ մատ թափ տալու համար՝ Կոստանյանը արձագանքեց. «Պատգամավոր չէ, որեւէ մեկը չի կարող ինձ նկատողություն անել: Երկրորդը՝ կարծում եմ, որ ժեստիկուլյացիան ընդհանրապես դա մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է: Դա դասագրքում էլ է գրված: Կլինի դա պառլամենտում, որեւէ տեղ, ժեստիկուլյացիան ընդամենը իրար հետ փոխհարաբերվելու միջոց է»:
Aravot.am-ի հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ խոսելիս Ձեր ժեստիկուլյացիան փոխվո՞ւմ է, թե՞ չէ, նույն ժեստիկուլյացիա՞ն եք օգտագործում՝ նա պատասխանեց. «Տարբերություն չկա, թե ժեստիկուլյացիան որտեղ է արտահայտվում: Ինձ համար անգամ տարօրինակ չի, անգամ ապշեցուցիչ է, որ ժեստիկուլյացիան կարող է ընդհանրապես քննարկման առարկա դառնալ, ուր մնաց՝ քննադատության: Իմ խորին համոզմամբ…»:
Լրագրողների դիտարկմանը, որ ժեստիկուլյացիային են դիմում, երբ բառերը չեն բավականացնում՝ Կոստանյանը չհամաձայնեց. «Եթե Վիքիլիքսը կարդաք, կտեսնեք, դրա դրսեւորման ձեւերը եւ եղանակները, եւ դա չի վերաբերում բառերը չհերիքելուն: Եթե դուք գոնե հետեւեք, կտեսնեք, որ չկա այնպիսի իրավիճակ, որ իմ բառերը չհերիքեն»:
Կարդացեք նաև
Մենք փորձեցինք հստակեցնել՝ այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի հետ խոսելիս է՞լ եք մատ թափ տալիս՝ Կոստանյանը պատասխանեց. «Արդեն 18-րդ անգամ ասացի՝ ժեստիկուլյացիան դա փոխհարաբերակցության եղանակ է, անկախ վայրից: Վայրը չի որոշում ժեստիկուլյացիայի դրսեւորման եղանակը եւ ձեւը»:
Հետո Գեւորգ Կոստանյանը հայտարարեց. «Յուրաքանչյուր հաղորդակցման եղանակ, ընդ որում, հաղորդակցման եղանակները նաեւ լռելյայն են լինում, դա էլ է գիտություն»:
Լրագրողները ճշտեցին՝ այդ գիտության մեջ պատգամավորների վրա մատ թափ տալը կա՞՝ նա պատասխանեց. «Ով, ինչ, որտեղ, երբ է թափ տալիս, դա էլ հարց է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Արմեն Ռուստամյանը ղալաթ բառի թարգմանությիունը լսելուց հետո ինքն էլ սկսեց թարգմանություններ անել: Հույս ունեմ, որ Նիկոլը ժեստիկուլյացիայի չի դիմի Կոստանյանի հետ հաջորդ հանդիպմանը: