Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 7-ից բացվել է հազվագյուտ լարային գործիքների ցուցահանդես: Հայաստանում առաջին անգամ ներկայացվում են հնագույն ջութակներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի 1711թ., Նիկոլո Գալիանոյի 1780թ. եւ աշխարհահռչակ այլ վարպետների 18-րդ դարում պատրաստված լարային գործիքներ։
Aravot.am-ի հետ զրույցում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց, որ նման ցուցահանդես Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում: Նրա խոսքով, ցուցահանդեսի գաղափարը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներինն է: «Շատ գեղեցիկ միտք է, որն իրականացվեց շվեյցարական Del Gesu հիմնադրամի հետ համագործակցությամբ: Դա հանրաճանաչ հիմնադրամ է: Իրենց հավաքածուում առկա է 150 գործիք, որոնցից 8-ն են ներկայացված մեր թանգարանի էքսպոզիցիոն սրահներում: Երկրորդ գեղեցիկ գաղափարն էլ այն է, որ մրցույթի մասնակիցներից ժյուրին կընտրի մեկին, ում մեկ տարով կտրամադրվի J. B. Vuillaume-ի 1825 թ գործիքը: Ես մեծ հույս ունեմ, որ այդ գործիքը կստանա հայազգի մի մասնակից, որովհետեւ մեր երաժիշտ-կատարողները լավագույններից են»,- ասաց Արմինե Գրիգորյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ