Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչումն այս կամ այն երկրի կողմից մեզ ոչինչ չի տալիս

Հունիս 08,2015 14:27

Երբեմն տեսակետներ են հնչում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այս կամ այն երկրի կողմից մեզ ոչինչ չի տալիս, և բոլորովին պետք չէ ոգևորվել դրանից, քանի որ դա չի կարող ազդել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերմանագետ Աշոտ Հայրունին այս տեսակետը բավականաչափ խոցելի է համարում հետևյալ տեսանկյուններից. «Առաջին հերթին պետք է նկատի առնել, որ թուրքական հասարակության համար այս կամ այն երկրի կողմից Ցեղասպանության ճանաչումը մի շատ կարևոր ազդակ է՝ նորից զբաղվելու այդ հարցով, և եթե Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը չլիներ, ապա հայ-թուրքական հասարակությունն այժմ նույն վիճակում կլիներ, ինչպիսին էր, ասենք, հիսուն տարի առաջ: Դա փաստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ Ա. Հայրունին ցանկացավ ընդգծել, հետևյալն է. «Միջազգային իրավունքը և մարդու իրավունքը քարացած ինչ-որ բաներ չեն. դրանք շարունակ փոփոխվում են, և ոչ ոք չի կարող ասել, թե մի քանի տարի կամ մի քանի տասնյակ տարի հետո ինչպիսին կլինեն դրանք: Շատ հավանական է, որ զարգացման ընթացքում դառնան այս կամ այն պետության վրա ազդելու կարևոր լծակներ, որպեսզի նա ճանաչի իր հանցագործությունները, ու եթե մենք արդեն նախապատրաստված չլինենք, այդ ժամանակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը բավականաչափ ձեռքբերումներ գրանցած չլինի, ապա մենք մեզ դարձյալ կտեսնենք ուշացածի դերում և ստիպված կլինենք վազել դեպքերի հետևից, ինչը մեր նոր պատմության մեջ հաճախ է եղել»:

Ա. Հայրունու առանձնացրած երրորդ կարևոր հանգամանքը վերաբերում է համընդհանուր հիշողության խնդրին. «Եվրոպայում, ինչպես և ամբողջ աշխարհում, հիմա շատ ակտիվորեն զբաղվում են գլոբալ հիշողության մշակույթ զարգացնելու գործով: Դրանով զբաղվում են բազմաթիվ մասնագետներ, որոնք առաջադրում են իրենց տեսակետները, ստեղծում են տեսություններ, թե ինչպիսին պետք է լինի գլոբալ հասարակության հիշողության մշակույթը: Այսինքն՝ մի բան, որը եթե միջազգայնորեն ընդունվի, դառնալու է դպրոցական, բուհական, ընդհանրապես բոլոր տեսակի դասընթացների համար պարտադիր թեմա: Եվ եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուշանա, դանդաղի նաև մեր թերացումների պատճառով, ապա մենք եվրոպական կամ միջազգային հիշողության մշակույթի մեջ մեր արժանի տեղը չենք կարողանա զբաղեցնել»,- համոզված է Ա. Հայրունին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    բավականին “ռոմանտիկ” հիմնավորումներ…
    Ես անձամբ թքած ունեմ, թե ինչ կգրեն “եվրոպացիք” իրենց դասագրքերում ՄԵՐ մասին:

    ու ամենավատը էն է, որ իրականում այդ “միջազհայի ճանաչումը” ռոմանտիկայից ու ինքնանվաստացումից բացի ուրիշ ոչինչ ՄԵՐ համար չի պարունակում իր մեջ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930