Երբ մենք խոսում ենք օրենքի գերակայության, եւ ընդհանրապես օրինականության հաստատման մասին, երբ մենք խոսում ենք մի հասարակության մասին, որում գործում է ժողովրդի կողմից օրինականորեն ընտրված իշխանություն, որը զերծ է կոռուպցիայից եւ առաջնորդվում է միմիայն պետական շահերով, մենք պետք է միշտ հիշենք, որ այս ամենի երաշխավորման գործում դատախազությանը վերապահված է բացառիկ դեր: Երբ մենք տեսնում ենք մեր կյանքում առկա ահավոր այս երեւույթները, ինչպիսիք են ընտրակեղծարարությունը, իշխանության յուրացումը եւ չարաշահումը, տնտեսության մենաշնորհացումը եւ կոռուպցիան, մենք միշտ պետք է հիշենք, որ այդ ամենի դեմ պայքարը դատարկ խոսքեր չեն, եւ որ այդ պայքարի համար մեր Սահմանադրությունը գլխավոր դերը վերապահել է դատախազությանը: Բնական է, որ դատախազության գործառույթների իրականացման գործում առանցքային դերը պատկանում է գլխավոր դատախազին:
Մեր Սահմանադրությունը եւ օրենքները նախատեսում են բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանում անօրինականություններին վերջ տալու համար: Սահմանադրության 103 հոդվածի համաձայն, դատախազությանն է պատկանում նման չարաշահումների դեպքում քրեական հետապնդում հարուցելու բացառիկ լիազորությունը եւ պարտավորությունը: Խոսքը հենց պարտավորության մասին է, եւ պատահական չէ, որ քրեական դատավարության օրենսգրքի 175 հոդվածը սահմանում է պարտավորություն՝ հարուցելու քրեական գործ դրա համար անհրաժեշտ հիմքերի եւ առիթների առկայության դեպքում: 176 հոդվածը, ի թիվս քրեական գործ հարուցելու համար այլ առիթների, նշում է լրատվամիջոցների հաղորդումները: Եւ ես ուղղակի զարմացած եմ, պարոն Կոստանյան, իմ հարցադրմանը ձեր պատասխանին: Ձեր հղումը 177-րդ հոդվածին, որը կարգավորում է ֆիզիկական անձանց հաղորդումները, որեւէ կապ չունի իմ բարձրացրած հարցադրման հետ: Իմ հարցադրման հետ կապ ունի միայն լրատվության միջոցների հաղորդումները կարգավորող 179-րդ հոդվածը, որը, սակայն, որեւէ կերպ չի ազդում 175, 176 հոդվածների իմ կողմից բերված մեկնաբանության վրա:
Մամուլն ուղղակի հեղեղված է ժողովրդի եւ մեր պետության գործունեության համար ամենակարեւոր բնագավառներում չարաշահումների մասին տեղեկություններով: Ես ոչ մի առիթ կամ հիմք չունեմ կասկածելու ո՛չ ձեր կրթության, ո՛չ ձեր համարձակության կամ վճռականության, ո՛չ էլ ձեր ինտելեկտուալ կարողությունների վրա: Ուրեմն պետք է լինի ինչ-որ պատճառ, թե ինչո՞ւ ձեր կարողությունների եւ ունակությունների տեր մարդը չի կատարում Սահմանադրությամբ ու օրենքներով իր վրա դրված պարտականությունը: Եվ միակ բացատրությունն այն քաղաքական ուղղորդումն է, որ դուք ստանում եք Սերժ Սարգսյանի կողմից, այլապես ինչո՞ւ դուք քրեական գործ չեք հարուցել մամուլի կրկնվող, սիստեմատիկ եւ հիմնավորված տասնյակ հրապարակումների վերաբերյալ հետեւյալ գործերով: Թվեմ մի քանիսը:
1. Դեռ 2014թ. Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը պատրաստել էր Նաիրիտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի տեղեկանք, որից հետեւում է, որ կառավարության կողմից հովանավորվող չարաշահումների արդյունքում հափշտակվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, ինչի պատճառով խափանվել են գործարանի վերագործարկման ծրագրերը եւ ամիսներ շարունակ չեն վճարվում Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերը: Ո՞ր է ձեր պատասխանը:
Կարդացեք նաև
2. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվել է էլեկտրաէներգիայի սակագինը 18 դրամով թանկացնելու հայտ, որի հիմնական պատճառը համաձայն մամուլի բազմաթիվ հրապարակումների, կապված է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում տարիներ շարունակ տեղի ունեցող չարաշահումների, չհիմնավորված կորուստների ու շռայլությունների հետ եւ դրանց հետեւանքով առաջացած 250 մլն դոլարի չափով պարտքը ժողովրդի ուսերին բեռնելու ծրագրի հետ: Մի օրինակ բերեմ, որ կապված է հայտի մեջ ներկայացված 3 միլիարդ 600 միլիոն դրամի հետ իբր ցեմենտ գնելու նպատակով: Պարզվում է նրանք մի կիլո ցեմենտը պատրաստվում էին գնել 57 հազար դրամով: Իրականում Հայաստանում հնարավոր է մեկ տոննա, այլ ոչ թե մեկ տոննա ցեմենտը գնել 42 հազար դրամով: Լավ, ասենք սխալվել են. չափման միավորը պետք է լիներ տոննան: Բայց այդ դեպքում ստացվում էր, որ մի տարվա մեջ այնքան ցեմենտ պետք է առնեին, որ կբավականացներ այդ հայտնի Եգիպտոսյան Ասուանի պատվարի կառուցման համար: Տեսա, որ անհեթեթություն է, գրեցին, որ նկատի ունեին ՛՛սարքավորումներ, այլ գնումներ, այդ թվում ցեմենտ՛՛, բայց արդեն պարզ է, որ խաբեություն է: Նախ բերված թիվը ներկայացված էր որպես չափման միավորի գնի եւ քանակի արտադրյալ, եւ, երկրորդ, երբ 8 միլիարդ դրամի ներկայացված ծախսի մեջ բոլոր մյուս ծախսերը ճշգրտորեն ներկայացված են, իսկ 3.6 միլիարդը ներկայացվում է որպես անհասկանալի կույտ, արդեն պարզ է, որ գործ ունենք ժույլիկների հետ: Ինչու չեք ուղարկում քննչական խումբ, որ մի հատ լավ ուսումնասիրի, թե ինչ է այնտեղ կատարվում:
3. Ինչու քրեական գործ չեք հարուցում Ազգային ժողովի՝ գազի ժամանակավոր հանձնաժողովի հրապարակված եզրակացության մեջ տեղ գտած այդ բնագավառի չարաշահումների մասին տեղեկությունների առիթով, որը ինչպես պարզվում է, պարտավոր էիք անել՝ անկախ նրանից, թե այդ եզրակացությունն ԱԺ-ից ուղարկվել է դատախազություն, թե ոչ: Ի դեպ, առավոտյան տեղի ունեցած քվեարկությունը ցույց տվեց, քր քաղաքական մեծամասնությունը իր վրա վերցրեց գործի կոծկման պատասխանատվությունը: Եթե այդպես չէր, ինչու չքվեարկեցիք որ հայնտաբերված չարաշահումներն ուղարկեինք դատախազությանը:
4. Կոռուպցիայի մասին Հայ ազգային կոնգրեսի հարցապնդման մեջ մենք բարձրացրել ենք ԴԱՀԿ ծառայության պետի կողմից պետական բյուջեի միջոցներով հենց իրեն պատկանող մասնավոր ընկերության մեքենաներ գնելու մասին տեղեկություններ, որը եւս կոռուպցիայի ակնհայտ դրսեւորում է: Նորից ոչ մի արձագանք դատախազի կողմից:
5. Ցանկանում եմ նորից անդրադառնալ պետական պաշտոնյաների եկամուտների եւ ունեցվածքի միջեւ ահռելի անհամապատասխանության մասին տեղեկություններին: Ինչո՞ւ է Հայաստանում ստեղծվել էթիկայի հանձնաժողով եւ օրենքը պարտադրում է բոլոր պաշտոնյաներին ամեն տարի լրացնել իրենց եկամուտների եւ ունեցվածքի մասին հայտարարագրեր: Այդ օրենքի միակ իմաստն այն է, որ եթե շնորհիվ այդ հայտարարագրերի որեւէ պաշտոնյայի մոտ արձանագրվում է իր եկամուտների եւ ունեցվածքի չափի միջեւ ակնհայտ, անբացատրելի տարբերություն, ապա դրանով անմիջապես զբաղվեն պատկան մարմինները: Եւ ես չեմ ասում, ինչպես դուք այստեղ փորձեցիք ներկայացնել, որ նման անհամապատասխանությունը մենք ինքնին հանցագործություն ենք համարում: Ամենեւին ոչ: Եթե այդ անհամապատասխանությունը կամ տարբերությունը բացատրվում է օրինական եւ հայտարարագրված աղբյուրներից ձեռք բերված ունեցվածքով, որեւէ խնդիր լինել չի կարող: Խոսքը հենց այն ճեղքվածքի մասին է, որը որեւէ օրինական եւ հայտարարագրված աղբյուրով չի բացատրվում: Այդ դեպքում դատախազությունը պարտավոր է արձագանքել, առավել եւս, որ դրա մասին եղել են պաշտոնական դիմումներ դատախազություն, ինչպես դա եղավ Տարոն Մարգարյանի դեպքում: Գնացեք պարզեք, հետո հասարակությանը ներկայացրեք, որ քրեական գործը հարուցելու հիմք չկա, քանի որ հետաքննությունը պարզել է պաշտոնյայի բոլոր հարստությունների օրինական հիմքը:
6. Ընտրակեղծարարության մասին. հավաստիացնում եմ ձեզ, որ եթե որեւէ անգամ ամենահզոր դեմոկրատական ավանդույթներ ունեցող երկրում, ինչպիսին է օրինակ, Միացյալ Նահանգները, դատախազությունը եւ այլ իրավապահ մարմիններ քրեորեն չհետապնդեին իշխող կամ որեւէ քաղաքական ուժի կողմից ընտրակաշառքի մասսայական բաժանումը, ապա նույնիսկ այդ երկրում ընտրություններում կհաղթեր այն ուժը, որը հսկայական միջոցներ կուղղեր քաղաքական հայացքներ եւ պինդ սկզբունքներ չունեցող զանգվածների մասսայական կաշառմանը եւ իշխող ուժի օգտին քվեարկելու պարտադրանքին: Միայն դատախազության խիստ եւ վճռական գործողությունները ընտրակեղծարարության դեմ բավարար կլինեին, որ Հայաստանում իսպառ բացառվեր ընտրակաշառքի եւ այլ օրինախախտումների խայտառակ երեւույթը:
Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Ո՞րն ասեմ: Մամուլում հրապարակված այն հաղորդումները, որ արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի, ինչպես նաեւ կարմիր գծերով կանգառների մենաշնորհային բիզնեսը կապված է Սերժ Սարգսյանի մերձավորների հե՞տ, բժշկական ապահովագրության մեջ բացահայտված կոռուպցիան, Արմավիրայի չվճարված հարկերն ու կառավարության հանցավոր անգործությունը այդ ընկերության հանդե՞պ, գյուղացիներին արտոնյալ պայմաններով տրվելիք վառելիքի կոռուպցիոն վաճառքը Ֆլեշ ընկերության կողմի՞ց եւ այսպես շարունա՞կ: Ժողովուրդը սպասում է այս հարցերի պատասխաններին:
Ցավոք սրտի, դուք այս հարցերի պատասխանը չունեք: Իրականում դուք ոչ թե պետք է սպասեիք ինչ որ պաշտոնական դիմումների կամ ֆորմալ առիթների, այլ՝ դեմոկրատական երկրներում դատախազությունը պետք է լինի նախաձեռնող, եւ պետք է լինի բոլոր չարաշահումների բացահայտման առաջամարտիկը: Սա մի բան է, որ դուք ցավոք սրտի, անել չեք կարող: Եվ նման դեպքում արդեն մեզ համար կարեւոր չէ ո՛չ ձեր կրթությունը, ո՛չ ձեր համարձակությունը, ո՛չ էլ ինտելեկտուալ կարողությունները ու գալիս ենք բախվում նույն խնդրին, որ երկիրը ճիշտ ճանապարհի վրա դնելու միակ ուղին իշխանափոխությունն է: