Պրոֆեսիոնալ բռնցքամարտ լուսաբանող լրատվամիջոցները գրում են, որ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 39-ամյա Վախթանգ Դարչինյանի տարիքն արդեն մեծ է ընդհանրապես՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի, մասնավորապես՝ թեթեւ քաշային կարգերի համար եւ արժե, որ նա մտածի հետագայում ռինգ մտնելու նպատակահարմարության մասին: «Ժամանակին մրցակիցներին ահ ու սարսափ ներշնչող «Կատաղի Ցուլը» վերջին չորս մարտերից երեքում պարտվել է, ընդ որում, բոլորում էլ՝ ժամանակից շուտ», – գրում է championat.com-ի մեկնաբան Վադիմ Ժուկը:
Վերլուծելով Խեսուս Կուելլարի հետ վերջին մենամարտը՝ հեղինակը նշում է, որ թեեւ մինչեւ 6-7-րդ ռաունդները Վիկը բավականին լավ տեսք ուներ ռինգում, սակայն արդեն զգացվում էր, որ հոգնում է: Հանգուցալուծումը վրա է հասել ութերորդ ռաունդում, երբ մրցակցի ուժեղ հարվածից հետո Վիկը հայտնվել է ռինգի հատակին, իսկ դրանից հետո այլեւս չի կարողացել դիմադրություն ցույց տալ: Հենց այդ ժամանակ մարտը դադարեցնելու որոշում կայացնող ռեֆերիին միացել են Վախթանգի մարտավկաները՝ սրբիչ նետելով ռինգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ