Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայկական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե հունիսի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:
«Azernews»-ի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունը սուտ եւ ապատեղեկատվություն է որակել այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Նախարարությունը հաղորդել է, որ դիտորդները, որոնք մասնակցել են պլանային դիտարկմանը՝ մեծ փորձ ունեն եւ մի քանի տարի է ներգրաված են այս գործընթացներում. «Հաշվի առնելով, որ նրանք լավ գիտեն այդ տարածքը, պարզ է, որ անհնար է նրանց նախօրոք ծրագրավորված կոորդինատների փոխարեն նոր վայր տանել»:
Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, թե սխալ հայտարարություններ տարածելով «հայկական կողմը եւս մեկ անգամ փորձում է միջազգային կազմակերպություններին ներգրավել իրենց սադրանքներում եւ ստվեր գցել ԵԱՀԿ դիտորդների գործունեության վրա»:
Կարդացեք նաև
Նշված է, որ դիտարկումն անցել է առանց միջադեպերի, իսկ ադրբեջանական կողմից դիտարկմանը մասնակցած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը շնորհակալություն են հայտնել ադրբեջանական կողմին, իրենց ծառայությունը լավ իրականացնելու համար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ