Երեկ «Սիրահարների այգում» կազմակերպվել էր Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան եւ «Բնապահպանի օրվան» նվիրված բնապահպանական նվաճումների ցուցահանդես:
Ցուցահանդես այցելել էին պաշտոնատար անձինք՝ պատգամավորներ, նախարարներ եւ բնապահպաններ, որոնք մեկ առ մեկ մոտեցան թեմատիկ տաղավարներին, ծանոթացան Հայաստանում բնակվող կամ անհետացման եզրին հայտնված կենդանիների խրտվիլակներին, մասնագետներից տեղեկացան, թե ինչ է արվում եւ ինչ պետք է արվի հայկական բնաշխարհը ամայացումից փրկելու եւ վերակենդանացնելու համար:
Ի տարբերություն պաշտոնյաների, որոնց ծառայողական մեքենաները «օղակի մեջ» էին առել այգին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը եկել էր էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցով՝ հեծանվով: Նա սրտնեղած էր. «Գոնե այսօր պաշտոնյաները չպետք է իրենց մեքենաներով այգի գային»:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2015