Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործով քաղաքական պատվեր չեմ ստացել». դատախազ

Հունիս 08,2015 13:10

Ոստիկանին կծելու ու նրա նկատմամբ բռնություններ կատարելու մեջ մեղադրվող Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատավորը քիչ առաջ հեռացավ խորհրդակցության սենյակ՝ որոշում ընդունելու: Դատավճիռը կհրապարակվի մեկ ժամից:

Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 24-ին, Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո, Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի, տվյալ դեպքում՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Նախքան դատավորի՝ խորհրդակցության սենյակ հեռանալը, դատախազ Երիցյանն ասաց, որ պաշտպանական կողմը խեղաթյուրված է ներկայացրել տուժող Վրթանեսյանի ցուցմունքը: Հետո հերքեց պաշտպանական կողմի պնդումները, թե ինքը քաղաքական պատվեր է իրականացնում Կիվիրյանի դեմ. «Քաղաքական պատվեր այս քրեական գործում չկա, որեւէ անձի՝ ոչ իշխանական ոչ պաշտոնատար անձի կողմից չեմ ստացել: Կիվիրյանի կողմից հանցագործություն է կատարվել, եւ նա պետք է պատժվի՝ անկախ նրանից, թե ով է»:

Դատախազն անդրադարձավ նաեւ Կիվիրյանի փաստաբանների այն փաստարկներին, թե փորձարարության ժամանակ ապացուցվեց, որ Կիվիրյանը մեքենայի հետեւի մասում նստած ձեռքը չկարողացավ հասցնել բռնակին, էլ ուր մնաց հարվածեր գլխով. «Որեւէ փորձարարություն չի արվել, Կիվիրյանը կարող էր կպնել դռանը, թե ոչ, մենք չենք տեսել, որովհետեւ դատարանը նման փորձարարություն անելու միջնորդություն չի բավարարել»:

Հետո էլ պաշտպանեց ոստիկաններին, թե նրանք սուտ ցուցմունքներ տալու շահագրգռված չեն, ինչպես պնդում է պաշտպանական կողմը, որովհետեւ կոչված են հասարակական կարգը պաշտպանելու:

«Եթե այս գործով քաղաքական պատվեր չեք ստացել, կասե՞ք՝ որ գործով եք քաղաքական պատվեր ստացել: Էդ ո՞ր գործով են քաղաքական պատվեր ստացած դատախազները ասում՝ քաղաքական պատվեր են ստացել: Այն, որ քաղաքական պատվեր է, յուրաքանչյուրի համար էլ պարզ է»,- առարկեց Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Հետո դիմեց դատավորին. «Երբ որ հերթով բոլոր գործերը կգնան եվրոպական դատարան, որ կապացուցվի՝ Արգիշտի Կիվիրյանը ապօրինի պահվել է ոստիկանությունում ու հետո վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկվել, նոր կիմանաք»:

Կիվիրյանը չցանկացավ օգտվել իր վերջին խոսքի իրավունքից՝ ասելով, որ իրեն ամբաստանյալ չի համարում. «Անմեղսունակը կարող է հավատալ, որ ես կատարել եմ այն գործողությունները, որոնց մեջ մեղադրվում եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930