«Վենդետայի» քաղաքական եւ անհատական դրսեւորումները
Վերջերս վերընթերցեցի Պարույր Սեւակի «Եռաձայն պատարագ» պոեմը (1965): Մեծ եղեռնի ժամանակ թուրքերի կատարած գազանությունները նկարագրված են ամենայն նատուրալիստական մանրամասներով՝ մոտավորապես այնպես, ինչպես (դատելով «թրեյլերից») նախկին պատգամավորի «արգելված» ֆիլմում: Բայց, իհարկե, Սեւակի դեպքում մենք գործ ունենք տաղանդով օժտված բանաստեղծի հետ, եւ արյունալի տեսարանները նկարագրված են մեծ վարպետությամբ եւ հնարամիտ պոետիկ համեմատություններով:
Ինչպիսի՞ զգացմունքներ պիտի առաջացնեն նման ստեղծագործությունները՝ անկախ իրենց գեղարվեստական արժեքից: Բոլոր՝ քիչ թե շատ ոչ անտարբեր հայերի մեջ (նաեւ իմ) գերիշխող ցանկությունը կլինի բոլոր թուրքերից վրեժ լուծելը, քանի որ նրանց նախնիները ա՛յս ձեւով են վարվել մեր կանանց, ծերերի, երեխաների հետ: Ոմանց դեպքում (նաեւ իմ) առաջին այդ պոռթկումից հետո գալիս են բանական դատողությունները, որոնք բերում են նրան, որ վրեժը ոչ մի տեղ չտանող, ապակառուցողական (դեստրուկտիվ) զգացմունք է, որը ոչինչ չի տալիս ոչ անձին, ոչ էլ ազգին: Ինքնապաշտպանությունը միանգամայն այլ բան է. այս դեպքում դու գործողություններ ես ձեռնարկում կռվից առաջ կամ կռվի ժամանակ, ոչ թե կռվում պարտվելուց հետո: Միայն վերջին դեպքում են մարդիկ իրենց որդիների անունը դնում Վրեժ:
Ազգային մակարդակով վրեժխնդրության արթնացումը լավ առիթ է պատերազմի կամ այլ ագրեսիվ գործողությունների համար: Թուրքերի գազանությունների դեպքում տեղեկատվությունը, վստահ եմ, միանգամայն համապատասխանում է իրականությանը: Բայց կարող են լինել նաեւ քարոզչական նպատակներով հնարած «առիթներ», օրինակ՝ պուտինյան քարոզչության սուտը Ուկրաինայում խաչված երեխայի մասին: Ավելի մեծ մասշտաբով վրեժխնդրության զգացումը կարող է առաջանալ իրական կամ հնարավոր պարտության պարագայում: Գերմանիան պարտվեց եւ ստորացվեց Առաջին աշխարհամարտում, եւ վրեժխնդրության զգացմունքի վրա գլուխ բարձրացրեց նացիզմը: Ռուսաստանի ղեկավարությունը կարծում է, որ երկիրը պարտվել է «սառը պատերազմում» եւ հիմա նպատակ է դնում «տեղը հանել»: Եվրոպացի խաչակիրները դաժանություններ են գործել՝ Քրիստոսի գերեզմանը ազատագրելու պատրվակով, եւ հիմա տարբեր տեսակի իսլամիստական խմբավորումները վրեժ են լուծում «խաչակիրներից»: Հրեաները խաչեցին Հիսուսին, ինչը քրիստոնյաների մի մասի համար բավարար հիմք է՝ բոլոր հրեաներին ատելու համար:
Կարդացեք նաև
Ի՞նչ է մահապատիժը, եթե ոչ՝ պետության կողմից կազմակերպված վրեժխնդրություն: Հանցագործին չեն պատժում, նրան չեն մեկուսացնում հասարակությունից, նրանից վրեժ են լուծում՝ արյուն թափելով: Դա ավելի շատ նման է հին ժամանակների ծիսակատարությանը, երբ արյան տեսքն ուրիշներին «ուժ է տալիս»: Պետական, խմբակային եւ անձնական «վենդետան» իրարից առանձնապես չեն տարբերվում: Նախնադարյան մարդիկ կամ իսլամիստ ծայրահեղականները ուտում են թշնամիների ներքին օրգանները, ժամանակակից պետություններն էլ իրենց քաղաքացիների արյան ծարավը բավարարում են մահապատիժներով:
Հեղափոխությունները նույնպես հաճախ իրենց մեջ վրեժխնդրության տարր են պարունակում: Քաղաքական լիդերները սովորաբար օգտվում են նրանից, որ աղքատները այլեւս չեն ցանկանում հաշտվել հարուստների գոյության հետ եւ ընդվզում են, ինչը կարող է արտահայտվել հարուստների պալատների հրկիզումներով, շքեղ խանութների թալանով:
Այդպես են աղքատներն իրենց վրեժը լուծում: Զարգացած երկրներում պետությունը աղքատների եւ հարուստների միջեւ ստեղծում է «անվտանգության բարձիկներ», սոցիալական պաշտպանության մեխանիզմներ, որպեսզի գործը վրեժխնդրության չհասնի: Մեզ նման չզարգացած երկրներում հարուստներն այնքան անխելք են ու ագահ, որ նման բարձիկներ չեն ստեղծում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2015