Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը: Այն Գալուստ Սահակյանը բացեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի ծննդյան շնորհավորանքով:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, թե իրենց ներկայացրած՝ գազամատակարարման բնագավառում չարաշահումների վերաբերյալ նախագիծը, որում առաջարկ է կատարվում այդ չարաշահումների վերաբերյալ փաստերն ուղարկել գլխավոր դատախազություն, հանձնաժողովը քննարկել է առանց հեղինակների ու հարց ուղղեց՝ արդյոք դա նորմա՞լ է, պարոն Սահակյանը պատասխանեց. «Օրակարգը նախապես հայտնի է, եթե պատգամավորներն ուշադիր լինեն, կկարողանան մասնակցել ցանկացած հանձնաժողովի նիստի»:
Լևոն Զուրաբյանի մյուս մտահոգությունն այն էր, որ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ նիստ է հայտարարել ՀՀ ԱԺ լսումներից առաջ, որն անարգանք է ԱԺ-ի նկատմամբ:
Գալուստ Սահակյանը նշեց, որ հանձնաժողովն ինքն է որոշում ընթացակարգերը, բայց հորդորում է հանձնաժողովին նման բան չանել:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, թե հանձնաժողովը քննարկում է փաստերը, իսկ որոշումը չի կարող ավելի շուտ լինել, քան հունիսի 17-ը:
Գազամատակարարման բնագավառում չարաշահումների վերաբերյալ նախագծի առիթով պարոն Այվազյանը նկատեց, թե այն կայքում է դրված, որը դատախազությունը կարող է հիմք ընդունել:
Խորհրդարանում նախագիծը չընդունվեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ