«Առավոտի» տեղեկություններով մարդու իրավունքների Եվրոպական դատարան է դիմել ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը
Խոսքը «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից կատարված հիսունվեց միլիոն դրամի գողության մասին է, որին իբր աջակցել է HSBC բանկի աշխատակիցը:
ԵԴ դիմումատուն հայտարարում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դուրս գալով օրենքով սահմանված իր լիազորությունների սահմաններից, չէր կարող համարվել «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» արտահայտությունը մեկնաբանելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան: (հիմք` Սոկուրենկոն եւ Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործով 20.07.2006թ. թիվ 29458/04 եւ 29465/04 գործերով վճիռ):
Եվրոկոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտմանն էլ հղում անելով, դիմումատուն հայտարարում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատավճռի հիմքում դնելով մահացած, նախկին մեղադրյալ Ա.Գալուստյանի ցուցմունքը եւ իր հետ առերես հարցաքննության արձանագրությունը, թույլ է տվել արդար դատաքննության իրավունք, քանի որ դրանք ձեռք է բերվել պաշտպանական իրավունքի խախտմամբ:
Կարդացեք նաև
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ 3-րդ մասի «դ» կետի համաձայն էլ, ըստ դիմումատուի, խախտվել է իր նկատմամբ արդար դատաքննության իրավունքը, քանի որ ինքը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու իր դեմ վկայած Ա.Գալուստյանին, որի ցուցմունքը միակ ապացույցն է, որ դրվել է իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի հիմքում:
«Առավոտ» օրաթերթ
06.06.2015