Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում հունիսի 4-ին կայացավ պրոֆեսորներ Սերգո Երիցյանի եւ Արմեն Ճուղուրյանի «Բոլոնիայի գործընթացի հետագիծը» մենագրության շնորհանդեսը: Ս. Երիցյանը համառոտ ներկայացրեց մենագրության շարադրման շարժառիթները, որոնցից առաջնայինը, անշուշտ, Բոլոնիայի գործընթացի երեւանյան գագաթաժողովն էր: Հատկանշական էր նաեւ այն փաստը, որ գիտության եւ կրթության նախկին նախարար Ս. Երիցյանն էր, որ Բերգեն քաղաքում իր ստորագրությամբ արձանագրեց Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Բարձրագույն կրթական եվրոպական տարածքին: Եվ պատահական չէր, որ նրա կողմից ներկայացվեցին ոչ միայն մենագրության առանցքային դրույթները, այլեւ մասնակցի հուշերը` Բոլոնիային անդամակցության գործընթացից:
Ելույթ ունեցավ նաեւ «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի» տնօրեն Գայանե Հարությունյանը, նշելով մենագրության տեղեկատվական նշանակությունը եւ նրանում զետեղված հեղինակային վերլուծության արդյունքների կարեւորությունը` ՀՀ-ում ներկայումս ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում: Մասնավորապես ընդգծվեցին մեր տասնամյա ձեռքբերումները եւ հետագա անելիքները Բարձրագույն մասնագիտական կրթական տարածքի ճարտարապետության շրջանակում:
Մտքերի փոխանակությամբ եւս մեկ անգամ գնահատականներ տրվեցին մեր հանրապետությունում համալսարանական կրթական բարեփոխումների ընթացքին եւ մեկնաբանվեցին Բոլոնիայի գործընթացի հաջող իրականացման թիրախային խնդիրները ոչ միայն Հայաստանում, այլեւ Բարձրագույն մասնագիտական կրթական եվրոպական տարածքում, որոնք համահունչ էին Երեւանյան գագաթաժողովի համատեքստում:
Շնորհանդեսը եզրափակվեց պրոֆ. Ճուղուրյանի կողմից հեղինակած «Բոլոնիայի համալսարանը մեր աչքերով» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրումով, որտեղ ներկայացվեցին եվրոպական այդ հնագույն կրթօջախի ավանդույթներն ու համալսարանական միջավայրը:
ՆՈՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
06.06.2015