Հունիսի 3-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցավ ամերիկայում գործող մի շարք հունական լոբբիստական կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված Կիպրոսի և համահունական հարցերին նվիրված 31-րդ տարեկան համաժողովը:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ում Կիպրոսի դեսպան Ջորջ Չակալին, ԱՄՆ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Պանագոպուլոսը, «Արդարություն Կիրպոսի համար» միջազգային համակարգող հանձնաժողովի (PSEKA) նախագահ Ֆիլիպ Քրիստոֆերը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ-ում Եգիպտոսի և Իսրայելի դեսպանները, ինչպես նաև Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Ջենիֆեր Փսակին: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում գործող հունական բազմաթիվ կառույցների ղեկավարներ:
Իր ելույթում դեսպան Սարգսյանը ներկայացրեց Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի համագործակցությունը: Նա նշեց, որ հայ և հույն ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը պատմական կապերը և բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում ակտիվ և արդյունավետ համագործակցության համար: Առանձնակի նշվեց այդ երկու երկրների հետ Հայաստանի համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և ռազմական ոլորտում: Ընդգծվեց կողմերի փոխադարձ աջակցությունը համապատասխանաբար Կիպրոսի խնդրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ներկաները ծափողջուններով ընդունեցին դեսպան Սարգսյանի ներկայացված այն տեղեկատվությունը, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունը և հռչակելով մայիսի 19-ն այդ ողբերգական իրադարձության հիշատակի օր:
Մյուս բանախոսները իրենց ելույթներում ընդգծեցին արևելյան Միջերկրականում գոյություն ունեցող էներգետիկ պաշարների համատեղ շահագործման և դեպի Եւրոպական մայրցամաք տանող գազամուղի կառուցման շուրջ տարածաշրջային համագործակցության լայն հեռանկարների առկայությունը:
Կարդացեք նաև
Հունական համայնքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում բազմիցս հիշատակեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին և այդ համատեքստում նշեցին հայ ժողովրդի հետ ամուր բարեկամական կապերի գոյության փաստը:
ՀՀ ԱԳՆ