Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Խեչանյան. «Վրոցլավում պայքարելու ենք որակյալ մեդալների համար»

Հունիս 08,2015 12:30

Վրոցլավում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցելու է երեք տղաներով:

Մեր ծանրորդները նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրել են Աբովյան քաղաքում եւ այսօր մեկնում են Լեհաստան:
Ի՞նչ առաջադրանքներ են դրված մեր ծանրորդների առջեւ եւ նրանք պատրա՞ստ են լուծելու դրանք: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի հետ:

– Պարոն Խեչանյան: Ընդամենը երեք տղա է մասնակցելու աշխարհի առաջնությանը: Ովքե՞ր են նրանք:

– Չնայած երիտասարդ տարիքին, նրանք քաջածանոթ են հայ մարզասերներին. 77 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 85 կգ՝ Նորայր Ավետիսյան եւ +105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան: Անդրանիկին ու Սիմոնին ներկայացնելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա: Նրանք նաեւ Հայաստանի մեծահասակների ազգային հավաքականի անդամ են: Նորայրը 19 տարեկան է եւ անցած տարի նվաճել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոնի կոչումը: Մեր մարզչական խորհուրդը նպատակահարմար է գտել մրցավայր գործուղել այս երեք մարզիկներին՝ հավատացած լինելով, որ բոլորն էլ Վրոցլավում ի վիճակի են պայքարել ոչ թե ընդհանրապես մեդալի, այլ՝ որակյալ մեդալների համար:

– Ծանրորդների նախապատրաստությունն ինչպե՞ս է անցել:

– Առանց որեւէ խնդրի: Ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանն այդ խնդրին շատ մեծ կարեւորություն է տալիս: Պլանավորված բոլոր ուսումնամարզական հավաքները կազմակերպվել են ժամանակին: Ամեն բան արվել է: Մնում է, որ ծանրորդները մրցահարթակում անեն այն, ինչ կարող են:

– Անդրանիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, ինչպես ասացիք, նաեւ մեծահասակների հավաքականի անդամ են: Որքան հասկացա, նրանք ամեն ջանք գործադրելու են ամենաբարձր տեղ զբաղեցնելու համար: Նոյեմբերին կայանալու է մեծերի աշխարհի առաջնությունը: Նրանք կհասցնե՞ն վերականգնել ուժերը եւ Հյուսթոնում էլ արժանիորեն հանդես գալ: Մանավանդ, որ աշխարհի առաջնությունը նաեւ վարկանիշային է ու մենք այսօրվա մեր հինգ ուղեգրերը պահպանելու, նույնիսկ՝ մեկով ավելացնելու նպատակ ունենք:

– Մարզիչները վստահ են, որ կհասցնեն: Մեր գլխավոր նպատակն իսկապես 2016 թվականի օլիմպիական խաղերին տղամարդկանց ամբողջական թիմով մասնակցելն է: Դրա համար անելու ենք ամեն բան: Ինձ ուրախացնում է այն, որ մեր հավաքականում արդեն կան քաշային կարգեր, որտեղ մարզիկների միջեւ լուրջ մրցակցություն է գնում՝ հավաքականում տեղ զբաղեցնելու համար: Մասնավորապես, 77 կգ քաշային կարգում Անդրանիկը Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի «դեմ է պայքարում»: Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ-ից տեղափոխվել է գերծանր քաշային կարգ: Իսկ այնտեղ Ռուբեն Ալեքսանյանն է ու Գոռ Մինասյանը: Այնպես որ, Սիմոնը դեռ ապացուցելու բան ունի:

– Վրոցլավում Հայաստանը նաեւ մրցավար ունի՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որն արդեն մրցավայրում է:

– Այո, պարոն Ալավերդյանը նաեւ միջազգային կարգի փորձառու մրցավար է եւ միջազգային ֆեդերացիան վստահել է նրան ու ցանկացել օգտվել նրա ծառայություններից:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930