Լրահոս
Օրվա լրահոսը

Մտորումներ ճանապարհի կեսին

Հունիս 08,2015 12:00

Մեր ապրելու ժամանակն ու մեր շնչելու օդը չափից ավելի են քաղաքականացված, եւ պատահական չէ, որ մենք առավոտից իրիկուն քաղաքականությունից ենք խոսում: Առավոտից իրիկուն քաղաքականությունից ենք խոսում ու չենք կշտանում:

Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մենք տասնամյակներ շարունակ հեռու ենք եղել քաղաքականությունից: Ավելի ճիշտ՝ թույլ չեն տվել, որ քաղաքականությանը մոտենանք: Իսկ ավելի ստույգ՝ այն երկրում, ուր տասնամյակներ ապրել ենք, նույնիսկ քաղաքական գործիչներն ու կուսակցականները քաղաքականությամբ չէին զբաղվում:
Լավագույն դեպքում սովետական ղեկավարների մասին անեկդոտներ էինք հորինում ու պատմում՝ մանավանդ էն տարիներին, երբ քաղաքական ու հակասովետական անեկդոտներ պատմելու համար որեւէ մեկին որեւէ տեղ չէին աքսորում: Հիմա ոչ միայն անեկդոտներ ենք պատմում, այլեւ քաղաքական ու մանավանդ ներքաղաքական վերլուծություններ ենք կատարում: Որովհետեւ արգելող չկա:

Այսուհանդերձ, ինչքան շատ ենք քաղաքականությունից խոսում ու քաղաքականության մեջ խրվում, այնքան ավելի ենք համոզվում, որ քաղաքականությունից բան չենք հասկանում:
Որովհետեւ քաղաքականությունն անհասկանալի երեւույթ է, մանավանդ՝ եթե քաղաքականությանն ազնվորեն ես մոտենում:

Ինչքան էլ քեզ կոտորես, միեւնույն է՝ չես հասկանա, թե ինչու է Կոսովոյի անկախությունն ընդունվում ու ճանաչվում աշխարհի հզորների կողմից, իսկ Ղարաբաղինը՝ ոչ: Եվ եթե նույնիսկ հասկանաս՝ ավելի վատ քեզ համար, որովհետեւ հասկանալու դեպքում էլ չես կարողանա հասկացածդ բացատրել նրանց, ովքեր չեն հասկանում:

Չեն հասկանում, որ քաղաքականության մեջ երկակի (եռակի ու ավելի) ստանդարտներ գոյություն ունեն: Չեն հասկանում, որ քաղաքականության մեջ ուժեղների ու հզորների համար այլ օրենքներ են գործում, թույլերի համար՝ այլ:

Կոսովոն, իհարկե, ուժեղներից ու հզորներից չէր, բայց Կոսովոյի շահերը համընկան ուժեղների ու հզորների շահերի հետ:

Ինչպես առակագիրն է ասում՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Ընդ որում՝ ուժեղի մոտ թույլը մեղավոր է ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, այլեւ ներքաղաքական կյանքում: Կուսակցություններից ճիշտը նա է, ով ուժեղ է: Իսկ ուժեղն էլ նա է, ով հարուստ է: Հարուստն էլ նա է, ով իշխանություն է:

Նույնիսկ ընդդիմության մեջ ուժեղը հարուստն է: Արդեն ժողովուրդն էլ աղքատ կուսակցություններին լուրջ չի ընդունում ու չի հավատում: Մի ժամանակ հավատում էր: Ղարաբաղյան շարժման տարիներին ժողովուրդը հատկապես չունեւորներին էր հավատում: «Ղարաբաղ» կոմիտեն ֆինանսական լուրջ ռեսուրսներ չուներ, բայց վայելում էր ժողովրդի հավատն ու վստահությունը: Ժողովրդի ընդդիմադիր հատվածը «Ղարաբաղ» կոմիտեին այնքան էր հավատում ու վստահում, որ հարկ եղած դեպքերում իր գրպանից էր ֆինանսավորում կոմիտեին: Հայրիկյանին հավատացողներ էլ կային: Աշոտ Նավասարդյանին ու Մովսես Գորգիսյանին էլ:

Հիմա ժամանակներն ու մոտեցումները միանգամայն այլ են: Ֆինանսական լուրջ ռեսուրսներ չունեցող կուսակցությունը չի համարձակվի ընտրապայքարի մեջ մտնել՝ ինչքան էլ գաղափարապես լուրջ ու հզոր լինի: Եթե, իհարկե, հեղափոխական իրավիճակ չկա: Հեղափոխական իրավիճակի առկայության դեպքում միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվում:

2007 թվականին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն եւ ստեղծեց իր ՀԱԿ-ը, հեղափոխական իրավիճակ կար, եւ ժողովրդի ընդդիմադիր ու բողոքավոր հատվածը կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին: ՀԱԿ-ը ֆինանսական իմաստով հարուստ չէր, բայց ՀԱԿ-ին աղքատ էլ չէիր անվանի, որովհետեւ ՀԱԿ-ի ղեկավարության մեծ մասը նախկինում իշխանավորներ էին եղել: Եվ, դրանից էլ բացի, ՀԱԿ-ի սկսած շարժմանն ու պայքարին միացան որոշ մեծահարուստներ, որոնք հավատում ու վստահում էին Տեր-Պետրոսյանին:

Այդուհանդերձ, ՀԱԿ-ը չհաղթեց: Հաղթեց ավելի հարուստն ու ավելի ուժեղը: ՀԱԿ-ը ոչ միայն չհաղթեց, այլեւ շատ շուտով պառակտվեց: Եվ նախագահի հաջորդ ընտրություններին Տեր-Պետրոսյանը չմասնակցեց. կարծում ենք՝ նաեւ ֆինանսական ռեսուրսների պակասության պատճառով:

Նախագահի վերջին ընտրություններում ՀԱԿ-ին փոխարինեց «Ժառանգությունը», որը, շատերի համար անսպասելի, բավական ձայներ հավաքեց եւ իրեն հաղթող հռչակեց: Այդուհանդերձ, «Ժառանգության» հաղթանակն էլ էր ընդամենը բարոյական հաղթանակ, եւ պարտության մտքի հետ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի հեշտ հաշտվեց, քան իր շուրջ հավաքված ընդդիմադիր զանգվածը, որն ավելի վճռական քայլեր էր պահանջում Րաֆֆի Հովհաննիսյանից ու «Ժառանգությունից»:

Ինչեւէ. նախագահի ընտրությունն ավարտվեց, բայց կյանքը շարունակվեց՝ ե՛ւ նախագահի համար, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի, ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Գագիկ Ծառուկյանի ու բոլորի:

Քանի որ իշխանության մեջ իր համար տեղ չգտնվեց, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց իր տեղը պահպանել ընդդիմադիր դաշտում: Նույնը վերաբերում է ՀԱԿ-ին ու անձամբ Տեր-Պետրոսյանին:

Բայց, ինչպես սկզբում ասացինք, ընդդիմադիր դաշտում երեւելի դիրք ունենալու համար էլ որոշակի ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում: Ու երեւի հենց այդ նկատառումով առաջին նախագահը որոշեց համագործակցել ԲՀԿ-ի ու անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ: Չենք կարող ասել, թե համագործակցությունը չստացվեց, բայց ստացվեց այնպես՝ ինչպես որ ստացվեց: Այսինքն՝ երկուսի համագործակցությունը կարճ կյանք ունեցավ: Ավելի ճիշտ՝ երեքի համագործակցությունը: Ավելի ճիշտ՝ չորսի, որովհետեւ սկզբում ոչ թե եռյակ էին, այլ քառյակ: Քառյակը տրոհվեց, եւ ամեն մեկը գնաց իր ճանապարհով: Ավելի ճիշտ՝ դեռեւս ճանապարհի կեսին են, եւ դեռեւս պարզ չէ՝ ճանապարհն ուր է տանում:
Իսկ ժողովուրդը վերստին թողնվեց Սեֆիլյանի ու Նախախորհրդարանի հույսին: Ավելի ճիշտ՝ Հիմնադիր խորհրդարանի:

Պարզվեց, որ քաղաքականության մեջ փողն էլ ամեն ինչ չի որոշում, եւ փողի դեմն էլ է հնարավոր առնել: Ավելի շատ փողով:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930