Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ծառերի փրկության համար միակ լուծումը խորը էտն է 

Հունիս 08,2015 10:47

Սույն թվականի ապրիլ ամսին Երևանի Օրհուս կենտրոնը նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մայրաքաղաքում արձանագրված ծառերի զանգվածային խորը էտի առնչությամբ։ Նամակում ասված է, որ նշված հարցը հուզել է ինչպես Երևանի բնակիչներին, լրատվամիջոցներին, այնպես էլ համապատասխան մասնագետներին՝ բնապահպաններին, կենսաբաններին, թռչնաբաններին։ Նշված էր նաև, որ ՀՀ քաղաքացիները առաջնորդվելով երկրի սահմանադրությամբ իրենց տրված բարեկեցիկ պայմաններում ապրելու իրավունքով պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը պատշաճ ձևով իրականացնի իրեն վստահված կանաչ տարածքների կառավարումը: Երևանում իրականացված էտումների հարցով Օրհուս կենտրոնը խորհրդակցել է համապատասխան մասնագետների հետ, ովքեր բոլորն էլ հայտնել են կարծիքներ, որոնք կողմ չեն խորը էտին: Մասնագետների կարծիքների վրա հենվելով և դրանցով ուղղորդվելով քաղաքապետարանը կարող էր խուսափել խորը էտից, որը, եթե ընդունենք որպես իրականությանը համապատասխանող պատճառաբանություն, արվել է սանիտարական նպատակով հոլանդական հիվանդությամբ վարակված թեղիների համար և այլ տեսակի ծառերը երիտասարդացնելու, այսինքն՝ երկարակեցությանը նպաստելու համար։

Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը մի քանի հարց է ուղղել քաղաքապետարանին այս խնդրի պարզաբանման նպատակով։ Բոլոր հարցերն էլ օրինաչափ են և օրինական։ Այն հարցին, թե ինչ ագրոկանոններով են առաջնորդվել ծառերը էտելուց, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը կից ներկայացրել է 2000թ․ կազմված տեղեկանքը Երևանում ծառերի երիտասարդացման վերաբերյալ, որի տակ ստորագրել է մի քանի մասնագետ, այն գրքերի ցանկը, որին նշանակություն է տրվել այս որոշումը կայացնելիս, հիշատակվել է գյուղատնտեսների մասին, այլ մասնագետների, որոնք խոսել են այս մասին տեսագրություններում։ Բնապահպանության վարչության մասնագետները մեկ ուրիշ հարցին պատասխանել են, որ անցած երեք տարվա՝ միջատներին ինսեկտիցիդներով սպանելու անարդյունավետ փորձը հանգեցրել է հոլանդական հիվանդության դեմ պայքարի մեխանիկական ձևին։ Նաև ծառեր են էտվել, որոնք կարող են տապալվել քամուց, վնասել շենքերի տանիքներին և խանգարել լուսաթափանցելիությանը (սա ըստ էության մշտական պատշաճ ուշադրության և մոտեցման հարց է քաղաքային պայմաններում աճող ծառերի համար): Քաղաքապետարանի աշխատակիցները հայտնել են նաև, որ դեռևս 2010 թվականին ծառերի վերափոխման աշխատանք է կատարվել Երևանում երկու փողոցների վրա, ինչը ուրախալի է, սակայն հարց է առաջանում, թե հինգ տարի անց ինչպիսի արդյունք է տվել այդ աշխատանքը:

Թե ինչպիսի ֆինանսական ծախսեր են արվել, և ինչպես է օգտագործվել էտից գոյացած փայտանյութը, Երևանի Օրհուս կենտրոնի հարցմանն ի պատասխան ասվում է, որ տեղեկանալու համար Օրհուս կենտրոնը պետք է դիմի Երևանի տասներկու վարչական շրջաններին։ Էտված ծառերի քանակի մասին քաղաքապետարանի տրամադրած տեսագրությունում ակնհայտորեն խոսվում է տարբեր թվերի մասին։ Մի տեսագրության համաձայն էտվել և ձևավորվել է շուրջ յոթ հազար ծառ, մեկ ուրիշ տեսագրության մեջ հայտարարվել է, որ պետք է էտվեր տասներեք, տասնհինգ, տասնյոթ հազար ծառ, և ըստ էության ճշգրիտ թիվը ոչ ոք չգիտի (տես տեսանյութերը՝

Իսկ խորը էտի ենթարկված ծառերի քանակը պատասխան գրությունում նշված է 2000, որը նույնպես կասկածի տեղիք է տալիս, քանի որ ակնհայտորեն էտված ծառերը բավականին շատ են: Նաև չի ներկայացվել ծանրակշիռ արդիական գիտական հիմնավորում էտի մասին, ինչպես պահանջվել է Օրհուս կենտրոնից։

Մի ակնարկ հոլանդական հիվանդության մասին, որը հատուկ է թեղի ծառին

Թեղու այս հիվանդությունը հայտնի է դարձել մի քանի դար առաջ։ Սկզբում ծառը ունեցել է դիմադրողականություն այս հիվանդությունը առաջ բերող բզեզների հանդեպ։ Սակայն գնալով դրա դիմադրողականությունը ընկել է և մոլորակի տարբեր երկրամասերում նկատվել է հիվանդության տարածում, որի հետևանքով թեղիների քանակը սկսել է նվազել։ Գիտնականների աշխատանքի շնորհիվ այնուամենայնիվ հնարավոր է եղել պահպանել ծառատեսակը, որը հիվանդանալու դեպքում ամբողջությամբ չորանում է։ Այն սկսում է չորանալ սաղարթից՝ տերևներից ճյուղերով, բնով մինչև արմատները։ Ինսեկտիցիդների մի քանի տեսակ է մշակվել, սակայն մի դեպքում դա վնասել է թռչուններին, իսկ մյուս դեպքում դա ընդամենը մի քանի տարով է երկարացրել ծառի կյանքը։ Շատ հետաքրքրական է մի փաստ, որ ԱՄՆ-ում 1980-ականներին գիտնականների կողմից մշակվել է թեղին վերահսկելու կենսաբանական մի ձև։ Այս եղանակը նման է պատվաստմանը, որ անում են մանուկներին, օրինակ պոլիոմիելիտ, խոզուկ հիվանդությունների դեմ։ Այս եղանակով իսկապես բարձրացվել է թեղիների դիմադրողականությունը բզեզներից առաջացած հիվանդության հանդեպ, և թեղիները փրկվել են, թեպետ ամբողջությամբ առողջացնել դրանք հնարավոր չէ։ Սակայն այս եղանակը կիրառելի է համարվել միայն խորհրդանշական իմաստ ունեցող նմուշների նկատմամբ կամ բնապատկերում թեղիների շատ կարևոր տեղ ունենալու պատճառով։ Կենսաբանության մեջ հայտնի է, որ հոլանդական հիվանդությունը անբուժելի է։ Մեխանիկական միջամտությունը նույնպես կիրառվել է տարբեր երկրներում։ Անգամ ստեղծվել են ծառի հիբրիդներ, որոնք զգայուն չեն այս հիվանդության հանդեպ, արտերկրում նաև հնարավոր է լինում աճեցնել լրիվ առողջ նոր թեղիներ։

Ինչևէ, այժմ Երևանում կիրառվում է մեխանիկական եղանակը, որն արդյոք ուշացած չէ՞։ Մենք չունենք Երևանում թեղինեիի վիճակի մասին կենսաբանական հետազոտություն, որը կլիներ սպառիչ։ Արդյո՞ք բոլոր խորը էտված թեղիներն են եղել հիվանդ և ինչ աստիճանի, քանի թեղի է եղել Երևանում հիվանդ և քանի առողջ թեղի է դեռ պահպանվում, երիտասարդացման համար քանի և ի՞նչ տեսակի ծառեր են էտվել։ Այսպիսի մանրամասները չեն կարող չհետաքրքրել քաղաքացիներին։

Մի ակնարկ ծառերի երիտասարդացման մասին։

Կա գիտական տեսակետ, որ երիտասարդացումը որպես բնապահպանական միջոցառում իսկապես երկարացնում է ծառերի կյանքը։ Սակայն դա արդյունավետ է ծառերի աճման ամենավաղ տարիներին և ոչ թե տարիքն առած ծառերի դեպքում։ Էտումը երիտասարդացման նպատակով պետք է արվի շատ բանիմաց ձևով, հակառակ դեպքում սպասված արդյունքը չի լինի։ Մասնավորապես հայտնի է, որ օրինակ լայն անկյան տակ ճյուղը էտելը սխալ է, ճիշտ է սուր անկյուն ունեցող ճյուղի էտումը։ Անհանգստացնող է այն, որ Երևանում նկատվել են նախորդ տարիների էտման արդյունքում չորացած ծառեր։ Արդյո՞ք էտի աշխատանքները կատարող մարդիկ ունեն բարձր պատրաստվածություն։

Մերի Խաչատրյան
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ

Հ․Գ․ Հիշեցնենք, որ մի շարք կազմակերպություններ և մտահոգ քաղաքացիներ ևս մեկ հարցում են ուղղել Երևանի քաղաքապետին ծառահատումների և խորը էտի վերաբերյալ, որին քաղաքապետարանից պատասխանել են, որ այժմ կատարվում է այդ հարցման մեջ ներկայացված տվյալների հավաքագրում և հնարավորինս կարճ ժամկետում կներկայացվի ամբողջական պատասխանը։ԲՃ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930