Աբովյանի թիվ 28/19 ընտրատեղամաս այցելած մի խումբ լրագրողներին մոտեցավ հաղթանդամ թիկնապահի տեսքով մի տղամարդ (լուսանկարում` ձախից) պահանջեց պայուսակներով չառաջանալ: Երբ պատասխանեցինք, թե լրագրողներ ենք, եւ հետաքրքրվեցինք, թե նա ո՞վ է, պատասխանեց, որ ինքը եւս լրագրող է:
Մեր հարցին, թե ո՞ր լրատվամիջոցից է, նա պատասխանելու փոխարեն նայեց ներկա լրագրողների վկայականներին, երբ կրկնեցինք հարցը` նա խուսափեց պատասխանել, ապա ասաց, որ «Կենտրոնից է»: Սակայն չուներ համապատասխան վկայականը: Նա հավելեց, որ ավելի քան տաս տարվա աշխատանքային փորձ ունի: Մեր հետ խոսելուց հետո, նա գնաց դահլիճի մյուս ծայր եւ մի խումբ հաղթանդամ տղամարդկանց հետ վերադառնալով` լքեց ընտրատեղամասը:
Հանձնաժողովի նախագահ Ռադիկ Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ ընտրությունների ընթացքում արտառոց դեպք չի գրանցվել: Երբ խնդրեցինք ցույց տալ համապատասխան ցուցակը, որտեղ լրագրողներն են գրանցված, նա այդ էջը այլ թղթով փակեց եւ թույլ չտվեց մեզ նայել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ