Լրահոս
Օրվա լրահոսը

Բազում խախտումներ՝ Արտաշատի ընտրատեղամասերում

Հունիս 07,2015 15:47

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արտաշատում քաղաքապետի ընտրություններ են: Ընդհանուր առմամբ թիվ 17 ընտրատարածքի 11 ընտրատեղամասերում քաղաքացիների ավելի մեծ հոսք կար առավոտյան ժամերին:

Արտաշատի 17/7 ընտրատեղամասային  հանձնաժողովի նախագահ Նարինե Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև կեսօր ընտրողների թիվն անցել է 500-ից: Առաջին ընտրողներն առավոտյան ժամը 08.00-ին են իրենց ընտրությունը կատարել:

Տիկին Մուրադյանը հավաստիացրեց, թե ընտրություններն անցնում են արդար ու թափանցիկ: Հարցին ի պատասխան՝ ի՞նչ է նշանակում արդար, թափանցիկ, եթե ընդամենը մեկ թեկնածու է մասնակցում, տիկին Մուրադյանը վստահեցրեց, թե ամեն ինչ ընթանում է ըստ կարգի:

Մեր այն դիտարկմանը՝ վտանգավոր չէ՞ քաղաքի կառավարումը վստահել անփորձ երիտասարդի, տիկին Մուրադյանը պատասխանեց. «Վտանգ չեմ տեսնում, քանի որ անձամբ ճանաչում եմ նրան, ծանոթացել եմ նրա ծրագրերին ու հավանություն եմ տալիս: Միասին պիտի կառուցենք մեր քաղաքը»:

Մեր այն հարցին՝ Արգամ Աբրահամյանը մինչև այժմ ի՞նչ է արել քաղաքի համար, Նարինե Մուրադյանը պատասխանեց, որ բավականին շատ գործ է արել, հովանավորել է շատ երեխաների:

Նարինե Մուրադյանը վստահեցրեց, թե «Հովիկ Աբրահամյանի գործոնը չեմ տեսնում, ի՞նչ կապ ունի, որ նա վարչապետի որդի է: Կրթված երիտասարդ է և իր ծրագրերը կիրականացնի»:

Թիվ 17/7 ընտրատեղամասում,որտեղ ընտրություն կատարեց Արգամ Աբրահամյանը, մեր այցելության պահին մարդկային կուտակումներ էին, մինչդեռ ըստ կարգի՝ ընտրատեղամասում 15 հոգուց ավելի չպետք է լինի ընտրողների թիվը: Մյուս խախտումն այն էր, որ ընտրախցիկին մոտենում էին մի քանի հոգով:

Aravot.am-ը թիվ 17/7 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Կարեն Թորոսյանից  հետաքրքրվեց՝ մի՞թե լուրջ չեն վերաբերվում ընտրական գործընթացի ապահովմանը, քանի որ, ըստ էության, ընտրությունների ելքը կանխորոշված է, միայն մեկ թեկնածու  է առաջադրվել, նա պատասխանեց, թե կուտակումներ չեն, այլ մարդիկ սպասում են: Իսկ քվեախցիկում մի քանի հոգու ներկայության առիթով արդարացավ, թե ընտրողը ծնողի հետ էր:

Artashat yntrutyunner 1

Ի պատասխան մեր հարցի՝ նշեց. «Ընտրությունները նորմալ ընթանում են»:

Հետաքրքրվեցինք՝ արտաշատցին ինչո՞ւ պետք է վստահի Արգամ Աբրահամյանին, քանի որ նա քաղաքականության մեջ անփորձ է, երիտասարդ է, պարոն Թորոսյանը պատասխանեց. «Ամենակարևորն այն է, որ երիտասարդ է, ունի ծրագրեր ու նպատակներ քաղաքի հետ կապված: Մարդ մի տեղից պիտի սկսի, չէ՞»:

Մեր այն դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործոնն այս ընտրությունում մի՞թե չկա, պարոն Թորոսյանն արձագանքեց. «Հովիկ Աբրահամյանի գործոնը բնական է, որ կլինի, ինքը թե Արտաշատում,  թե մարզում, թե հանրապետությունում մեծ հեղինակություն ունեցող մարդ է, շատ բան է արել քաղաքի համար, սկսած իր՝ քաղաքապետ աշխատած ժամանակից: Նրան շատ լավ ճանաչում են և վստահում մարդիկ, ինքն ապացուցել է, որ աշխատող ու գործունյա մարդ է: Արգամ Աբրահամյանից ակնկալում ենք քաղաքի բարեկարգում»:

Մեր այն հարցին, իսկ ի՞նչ է արել քաղաքի համար Արգամ Աբրահամյանը, Կարեն Թորոսյանը հակադարձեց. «Արգամը նոր է մտնելու քաղաքականության մեջ: Նա դեռ 29 տարեկան է, դեռ նոր է սկսել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930