Աբովյան քաղաքում հունիսի 7-ին անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ:
Աբովյանի քաղաքապետի թեկնածու Էդվին Թադեւոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր շտաբը խախտումներ է արձանագրել. «Տարբեր խախտումներ կան, ընտրատեղամաս կա, որ ուշ է բացվել, փորձում են մարդկանց բերել: Մեր նախընտրական շտաբը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա»:
Հարցին, թե ովքե՞ր են այդ ընտրախախտումները կատարում, նա պատասխանեց. «Դուք ինքներդ լավ գիտեն, թե ով է անում»:
Էդվին Թադեւոսյանը համարում է, որ Աբովյանում մթնոլորտն առողջ չէ, բայց իրենք կողմ են առողջ մրցակցության. «Մենք ընդունված սահմաններով արել ենք քարոզարշավ, բակային հանդիպումներ ենք ունեցել մայիսի 26-ին, հունիսի 5-ին միայն մենք ենք արել հզոր բազմահազարանոց հանրահավաք, քարոզարշավի վերջին օրը ամփոփել ենք: Համոզված եմ, որ ժողովուրդը ճիշտ կկողմնորոշվի»:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ ընտրություններում հաղթելու հնարավորությունները բարձր է գնահատում: Հարցին, թե ընտրախախտումները կարո՞ղ են ազդել իր այդ հնարավորությունների վրա, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեր հնարավորություններն այնքան բարձր են, որ ազդեցություն չեն կարող ունենալ»:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի ներկայությունը զգացվո՞ւմ է, նա մտածելուց հետո պատասխանեց. «Զգացվելը զգացվում է, այդ ես չասացի, դուք ասացիք: Համենայն դեպս, ինձ եւ իմ թիմակիցներին չի կաշկանդում: Բնական է, որ ընտրություններ են, ինչ-որ տարբեր միջոցներով հասնեն հաղթանակի»:
Մյուս հարցին, թե չընտրվելու դեպքում կհամագործակցի՞ քաղաքապետի հետ, Էդվին Թադեւոսյանը պատասխանեց. «Միանշանակ համոզված եմ, որ ես եմ անցնելու: Քաղաքապետի հետ ի՞նչ համագործակցություն, բացառվում է: Եթե ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ լինի միանշանակ կհամագործակցենք»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ բոլորի հետ կհամագործակցի՞ բացի Վահագն Գեւորգյանից, նա պատասխանեց՝ այո՛, իհարկե՛:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ