Այսօր «Նարվա» շախմատի դպրոցի պատանի սաներ, երեւանցի Լեւոն Ավետիսյանը եւ ստեփանակերտցի Ալեքս Գեւորգյանը դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանի ուղեկցությամբ մեկնում են Վորոնեժ՝ մասնակցելու Ալյոխինի անվան FIDE open միջազգային հուշամրցաշարին (հունիսի 10-ից 21-ը):
Մեկնելուց առաջ Նարեկ Վարազդատյանը, որը մրցավայր մեկնում է նաեւ որպես մարզիչ եւ մասնակից, Aravot.am-ին ասաց, որ մրցաշարին մասնակցելու են 11 երկրների 150-ից ավելի շախմատիստներ եւ որ մասնակիցների տարիքային սահմանափակում չի նախատեսված: «Կձգտենք հնարավորինս հաջող հանդես գալ եւ բարձր պահել մեր երկրի պատիվը: Մեր սաները պարբերաբար տարբեր մրցաշարերի մասնակցելու հրավերներ ստանում են, սակայն ֆինանսների բացակայության պատճառով քչերին ենք կարողանում գործուղել: Մեկնում ենք հաղթողի հոգեբանությամբ: Վորոնեժը մեր պատանի շախմատիստների համար մրցափորձ ձեռք բերելու հիանալի առիթ է, որից օգտվելու հնարավորություն մեզ ընձեռել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը», – ասաց Նարեկ Վարազդատյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ