Աբովյանում հունիսի 7-ին անցկացվում են արտահերթ ընտրություններ: Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը իր ընտրությունը կատարեց թիվ 6 դպրոցում տեղակայված ընտրատարածքում:
Ընտրությունը կատարելուց հետո Վահագն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն Աբովյանի կայուն զարգացման. «Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Ընտրությունների լավագույն ցուցիչն այսօր ընտրությունների ապահովումն է: Ես աբովյանցիներին կոչ եմ անում լինել հանդուրժող, փոխադարձ հարգանք ունենալ իրար նկատմամբ, զսպված լինելը: Իմ խնդրանքն է, որ բոլորն ակտիվ մասնակցություն ունենան ընտրություններում, որովհետեւ ես կարծում եմ, որ աբովյանցիներն իրենց քաղաքապետին պետք է ընտրեն իրենց վստահության քվեով»:
Նա նշեց, որ ընտրությունների ընթացքի մասին տվյալներ չունի, բայց ընտրատեղամասում իրեն տեղեկացրել են, որ նորմալ է իրավիճակը: Վահագն Գեւորգյանի խոսքերով՝ Աբովյանում վախի մթնոլորտ չկա:
Կարդացեք նաև
Հարցին, թե Աբովյանում Հանրապետական կուսակցությանը վստահո՞ւմ են, նա պատասխանեց, որ ինքն անկուսակցական է եւ երբեւէ որեւէ կուսակցության անդամ չի եղել: Նկատառմանը, թե իրեն է սատարում Հանրապետական կուսակցությունը, նա պատասխանեց, որ իրեն սատարում է նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը. «Դա ինձ միայն պարտավորեցնում է, շատ շնորհակալ եմ բոլոր քաղաքական ուժերին, կառույցներին, հայտնի մարդկանց, իմ թիմակիցներին, ինձ համար թանկ է յուրաքանչյուր աբովյանցու քվեն, ու դա ինձ պարտավորեցնելու է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ