Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում թիվ 17/7 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածու, ՀՀ վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը: Նա ընտրության էր եկել 3-ամյա դստեր և հորեղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի որդու՝ Արսեն Աբրահամյանի հետ:
Նա հավաստիացրեց, որ ընտրվելուց հետո բարեկարգելու է քաղաքը, շենքերի տանիքներն է վերանորոգելու:
Արգամ Աբրահամյանը միանշանակ չասաց, թե քաղաքապետ ընտրվելով մուտք է գործելու մեծ քաղաքականություն, նշեց. «Ժամանակը ցույց կտա»:
Aravot.am-ի հարցին ինչո՞ւ հանկարծ որոշեց առաջադրվել, քանի որ քաղաքական դաշտում ակտիվ չէր, Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ես առաջադրվել եմ իմ շրջապատի և իմ ընկերների առաջարկը և խնդրանքը հաշվի առնելով: Ուզում եմ օգտակար լինել իմ քաղաքին»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դժվար չէ՞ առանց մրցակցության, կամ շատ հեշտ չէ՞, Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Երբեք չեմ խուսափել մրցակցությունից: Կարծում եմ իմ մեղքի բաժինը չկա, որ մենակ եմ»: Արգամ Աբրահամյանը հավաստիացրեց, որ Հովհաննես Ղազարյանի՝ «Գազի Հովոյի» նկատմամբ սպառնալիքներ չեն եղել, որ նա հանի թեկնածությունը: Մեր հարցին՝ թշնամությունը հարթվե՞լ է, նա պատասխանեց, թե վաղուց հարթվել է:
Հարցին՝ ինչպիսի՞ն կլինեն ընտրության արդյունքները Արգամ Աբրահամյանը այնպես պատասխանեց, որ թվաց, թե տեղյակ չէ, որ միայն ինքն է թեկնածու. «Ընտրությունները ցույց կտան արդյունքները, ժողովուրդը ում վստահի, նա էլ կլինի»:
Խնդրահարույց հարցերին Արգամ Աբրահամյանը խուսափողական պատասխաններ տվեց, թե ամեն ինչ հայտարարագրել է, Ամիրյանի դժգոհող բնակիչների հետ կապ չունի:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արտաշատում ընտրություն չի կատարելու, քանի որ գրանցված է Մխչյան գյուղում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ