Արտաշատում առավոտյան ժամը 08.00-ից մեկնարկել են քաղաքապետի ընտրությունները:
Նշենք, որ այստեղ գործընթացը ընտրություն կոչելը փոքր ինչ արհեստական է, քանի որ մասնակցում է ընդամենը մեկ թեկնածու՝ ՀՀ վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը:
Նախ`այցելեցինք Արտաշատի մշակույթի տան հարևանությամբ գտնվող՝ ՀՀԿ գրասենյակ, որտեղ մեզ դիմավորեց ոմն Գագո: Նրան խնդրեցինք ներկայանալ, ասել իր պաշտոնը, սակայն մեզ ասաց, թե ինքը հասարակ տղա է: Երբ հարցրինք՝ ՀՀԿ գրասենյա՞կն է, պատասխանեց, թե «գաղտնի ծառայություն է»:
Ասացինք՝ ընտրությունը ո՞րն է, ընդամենը մեկ թեկնածու կա ու հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ թեկնածությունը հանեց Հովհաննես Ղազարյանը (Գազի Հովո), ի՞նչ են խոստացել փոխարենը, Գագոն պատասխանեց. «Հովոն մեր ընկերն է»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրանիկ Ներսիսյանը տեղեկացրեց, որ ընտրողների թիվը 20941 է, ժամը 10.30-ի դրությամբ ընտրություն է կատարել 2100 ընտրող:
Շրջեցինք մի շարք ընտրատեղամասերում: 17/9 ընտրատեղամասի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ժամը 10.30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 180 ընտրող: Առաջին ընտրողը գրանցվել է ժամը 08.05-ին:
Այս ընտրատեղամասում նկատեցինք, որ քվեախցիկ էին մուտք գործում մի քանի հոգով:
Մեր այն հարցին՝ ի՞նչ նշանակալի գործ կարող է հիշել, որ Արգամ Աբրահամյանը կատարած լիներ քաղաքի համար, պարոն Հովհաննիսյանն այդպես էլ պատասխանել չկարողացավ ու նշեց, որ հավատում է Արգամ Աբրահամյանի կարգախոսին եւ ժողովուրդը համակրանք ունի թեկնածուի նկատմամբ:
Ընտրատեղամասերից հեռու այլ էր քաղաքացիների կարծիքը, շատերն անհարմար էին զգում գովերգել Արգամ Աբրահամյանին: Մի կին էլ, որպեսզի բավարարի մեր հարցասիրությունը, թե ի՞նչ է արել Արգամ Աբրահամյանը քաղաքի համար ու որ էլ հարցեր չտանք, ասաց. «Ինքը չի արել՝ իրա պապան ա արել: Ո՞նց աներ, ոչ աշխատել է, ոչ ինչ, դեռ նոր պիտի անի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ