Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ազատագրված որոշ տարածքներ պետք է վերադարձնել ազերիներին». Հայ պատմաբանի սկանդալային հայտարարությունը

Հունիս 07,2015 10:00

Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսաբնակ հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանը ԼՂՀ հակամարտության կարգավորման լավագույն ձեւը համարում է Ադրբեջանին որոշ տարածքներ վերադարձնելը:

«Հայկական շահը կլիներ, որ լուծվեր այս ձեւով, եթե նախկին ինքնավար մարզից դուրս որոշ չբնակեցված տարածքներ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի, դրա փոխարեն Ադրբեջանն ընդունի ԼՂՀ անկախությունը, չբնակեցված տարածքներ ասելով՝ օրինակ Աղդամը»,- Aravot.am-ին ասաց պատմաբանը:

Մեր հարցին հայ հասարակությունը պատրա՞ստ է տարածքներ զիջել, պատմաբանն ասաց. «Չգիտեմ, բայց հակառակ դեպքում կբնակեցնեին այդ տարածքները: Երկու տարի առաջ գնացի Աղդամ, բոլորովին ամայի էր… Կարեւորը Պարսկաստանի հետ սահմանն է, բայց արեւելյան կողմերը՝ Աղդամի պես, այնքան էլ անհրաժեշտ չեն Հայաստանի, Ղարաբաղի համար: Կարելի է փոխադարձ պայմանավորվածություն լինի, կարեւորը Ղարաբաղը որպես պետություն ընդունվի, ինչպես Կոսովոն»:

Պարոն Մութաֆյանի խոսքով, Ֆրանսիայում ադրբեջանցիները կազմակերպված հակահայկական քարոզչություն են իրականացնում: Օրինակ` վերջերս հայկական խաչքարերի ցուցահանդես էր, որտեղ ներկայացված էին նաեւ ադրբեջանցիների կողմից քանդված Ջուղայի խաչքարերի լուսանկարները. «Ոչ մեկ չի կարող հերքել, որովհետեւ նկարված է: Ես DVD-ն ունեմ, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն չհամաձայնեց այդ նկարների ցուցադրությանը, ու եկան, հանեցին ցուցահանդեսից, որովհետեւ տիկին Ալիեւան սերտ կապերի մեջ էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի հետ, դրա համար անմիջապես հանեցին նկարները»:

Ըստ նրա, վերջերս էլ Փարիզի մեկ այլ մասնավոր ցուցասրահում ադրբեջանցի լուսանկարիչ իր աշխատանքների ցուցահանդես էր ներկայացրել՝ նկարների ցուցատախտակներում գրություններով, թե ինչպես են հայերը ջարդել ադրբեջանցիներին. «Ես էլ բողոքեցի, ասացի՝ անընդունելի է, որ Փարիզի քաղաքապետարանը նման բան է թույլ տալիս, բայց իրենք չէին նկատել»:

Պատմաբանի խոսքով՝ ղարաբաղյան հարցի մասին ֆրանսիացիները լավ տեղեկացված չեն, իսկ ադրբեջանական քարոզչությունը այս հարցը իր շահերից է ներկայացնում: Բայց ի տարբերություն ղարաբաղյան հարցի, հայոց ցեղասպանության հարցի մասին ֆրանսիացիները տեղեկատվության պակաս չունեն. «Մանավանդ այս տարի շատ խոսվեց, գիտաժողովեր եղան, թերթերը հատուկ բաժիններ ունեցան: Ֆրանսիայում ով որ ցեղասպանության մասին չգիտի՝ նշանակում է ոչինչ չի կարդում ու չի դիտում, աշխարհից կտրված է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ 100lives.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Վ, says:

    Էս մարդը հայ է? , հաստատ, իրա հարազատներից արյուն չեն թափել ազատագրված տարածքներում, և հետո դրանք ազատագրված տարածքներ չեն, դրանք մեր պապական հողերն են, որ ետ են բերվել արյան գնով, իսկ հայ ազգի դժբախտությունը նրա դավաճաններն են եղել: Ամոթ է, ամոթ, ազատագրված հայրենիքը, պարոն պրոֆեսոր, չեն նվիրում թշնամուն, փոխանակ գնաս էնտեղ ապրես , ու մտածես ոնց զարգացնել հայրենիքը, ինչ էր էս ասում

  2. Ալիս Ադամեան says:

    Յարգելի Փրոֆեսօր, Հետեւած եմ ձեր դասախօսութիւններուն ու կարող եմ հասկնալ ձեր տեսակէտը: Դուք նկատի չէք առել որ Արցախեան պատերազմում մեր ժողովուրդը արիւն թափեց այն արեան որ պէտք չէր այլեւս հոսած ըլլալ մէկ ու կէս միլիոն նահատակներ թողած ըլլալով: Դուք չէք հասկանում ձեր մարդասիրական սկզբունքներէ տարուած ոչ Հայի հոգեբանութիւնը ոչ էլ թշնամիին խորքը: Դուք չէք անդրադարձած որ գրեթէ ամէն օր շփման գօտիի վրայ կը նահատակուի մեր բանակի երիտասարդ ծաղիկ տարրը: ”եւ ընդվզում առաջացնող մի երեւոյթ. Թուրքը թուրք կը մնայ,« երեկուայ բորենին, այսօրուայ մակաբոյծը, վաղուայ սողունը»: Կը գնահատըմ ձեր տեսակէտը եթէ նկատի առնէք այս հանգամանքները որ վստահ եմ պիտ փոխեն ձեր մտածելակերպը: Ալիս Ադամեան

  3. Կիրօ Գարակէօզեան says:

    Անտեղի չէ ըսուած, որ միայն հողին վրայ ապրողը կը զգայ և գիտէ անոր արժէքն ու խորկուրդը։
    Կարելի չէ նոյնիսկ թիզ մը հող զիչիլ. հազարաւոր նահատակներու զոհաբերութեամբ և նուիրումով ձեռք բերուած (ազատագրուած) հողը ինչպէ՞ս զիչիլ. յարգելի պարոն Մութաֆեանը մեր ԱՆՄԱՀ ՆԱՀԱՏԱԿները սպաննել կ՛ուզէ, կամ կ՛ուզէ եւրոպացիներուն կամ ընդհանրապէս արեւմուտքին հաճելի՞ թուիլ։
    Արցախահայութիւնն ու ընդհանրապէս հայութիւնը իր հողին վրայ ապրելու իր արդար իրաւունքը վաստակած է պայքարով. արիւնով, կռիւով և դիմադրութեանբ ձեռք բերուածը ը՞նչպէս տալ և այդ՝ խաղաղ (համեմատաբար) օրերուն, և ըսել՝ եկրք ազերիներ, վերցուցէ՛ք այս տարածքները և յետայսու հանգիստ ու խաղաղօրէն ապրինք (պատմութենէն բան պիտի չսորուին(ք)). ո՛չ, հազար անգամ ոչ, քանի այդ տարածքները (հայրենիքի մէկ բաժին) մեր պաշտպանողական բնական տարածքներն ու դիրքերն են. աւելի առջեւ պէտք է երթալ՝ “ետեւ”ը պաշտպանելու և զօրացնելու համար. սա իմանալու համարռազմագէտ ըլլալու չէ։
    Ուրեմ յարգելի պարոն Մութաֆեանի “տրամաբանութեամբ” պէտք է յանձնենք բոլոր չբնակուած տարածքները. սա ի՞նչ ոչ տրամաբանական “տրամաբանութիւն” է. տարածքները ոչ մէկ ատեն և ոչ մէկ ձեւով սակարկութեան առարկայ են։
    Ի՞նչ, Աղտամը յանձնենք, որ յետոյ ի՞նչ. յետոյ ըսենք, որ թուրքերը Աղտանում են, ապա Ասկերանը ապահով չէ, եւ … Ասկեդանն ալ յանձնենք ու քաշուին աւելը ետեւ, եւ այսպէս շարունակաբա՞ր պարոն Մութաֆեան։ Ո՛չ. Թաթուլները, Բեկորները, Մոնթէները, Տուշմաները, Պետոներն ու իրենց ընկերները չնահատակուեցան, որ հիմա այդ տարածքները ազերիներուն վերադարձնենք, այլ՝ նահատակուեցան, որ հայը հոն՝ իդ հողին վրայ ապրի, ապրեցնէ ու աւելի մեծացնէ ԶԱՅՆ։
    Փառք ու Պատիւ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ։

    Շնորհակալութհւն։

    Պէյրութ Լիբանան, 7 Յունիս 2015։

  4. Մեսրոպ Թումանյան says:

    Մենք տեսնում ենք արտաքին թշնամուն, իսկ ներքին թշնամուն տեսնելու աչքեր չունենք: Կլոդ Մութաֆյանը երբեք հայ չի եղել:

  5. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ազատագրված տարածքներն այդպես էլ չվերաբնակվեցի՛ն, իսկ Հայաստանը այդպես էլ ԼՂՀ-ն de jure չճանաչե՛ց: Ռուսաստանին ձեռք չի՛ տալիս ազատագրված տարածքների վերաբնակեցումը,որպեսզի Ադրբեջանին «բան» ունենալու առաջարկելու:Արցախի խնդրի մասին տարբեր հոդվածներ եմ գրել «Հետքում»:

    ԱՅՍՔԱՆԻՑ հետո՝ ես ստիպվա՛ծ պիտի համաձայնեմ պատմաբանի հետ. միակ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ երկարաժամկետ լուծումը մնում է ԼՂՀ բաժանումը 2 մասի՝ մեկը Հայաստանին, մյուսը՝ Ադրբեջանին: Թե ով քանի % կստանա,պիտի որոշվի բանակցություններով:

    իսկ Ո՞ՐՆ է ձե՛ր ԼՈՒԾՈՒՄԸ. «Բաքվի գրավու՞մ», «հավերժ պատերա՞զմ Ադրբեջանի հետ», «Ադրբեջանի “մասնատու՞մ” … 50 տարի հետո՞»: 10-20 տարի հետո, եթե այսպես շարունակվի, քանի հայ է մնացած լինելու Հայաստանում: Կամ պատերազմում կռված ազատամարտիկները. ի՞նչ վիճակում են այսօր: Սահմանին քանի՞ (համեստ ընտանիքի) հայ զինվոր պիտի մահանա ու վիրավորվի:

    Կարևորը Քաշաթաղի՛ շրջանն է՝ ընդհուպ միչև Արաքս գետ:

    • Տիգրան says:

      Հարգելի Վարազ Սյունի Ամստերդամ, ես Ձեզ այլ հայացքների տեր էի կարծում: Բայց շատ հիասթափվեցի: Այնպիսի բան եք գրել, որ Առավոտի էջերը չեն բավականացնի պատասխանելու ու քննարկելու համար: Թե կարող եք, ասեք միայն, թե որոնք են Հայաստանի սահմանները եւ ինչու են հենց դրանք: Էն պրոֆեսոր ներկայացողին ասելիք չկա: Նա դա չի կարող անելու նրա համար մեկ ա, թե Տիգրանակերտը հանձնես, թե Երեւանը: Ինքը ոչ այնտեղ ա ապրում, ոչ էլ այնտեղ: Էդ դեպքում ինչու մեր ամբողջ ունեցվածքը չտանք ու հանգիստ ապրենք, որպես սփյուռք: Մանավանդ, որ ոնց որ թե սփյուռքն ավելի լավ ա ապրում ու Հայաստանի խնդիրները չունի: Այդ թվում եւ Ամստերդամում:
      Հ.Գ. Տեսնես էլի ազգ կա՞, որ Վերգո անունով կերպար ծնած լինի իր հերոսապատումներում:

      • susanna says:

        Տիգրան Ձեր պատասխանը ճշմարտացի է շատ , բայց երևի թե Հայաստանից հեռացածները հազիվ թե հասկանան այդ պարզ ճշմարտությունը (կներեք ոչ բոլորը իհարկե)

  6. Հ.Շ. says:

    Ներկայ սամանագիծերով իսկ (աւելի ճիշդ՝ռազմագօտիներով), եթէ Արցախը միանայ Հայաստանին, Ազրպէյճանը համաձայն լինի, միջազգային հովանաւորութեամբ խաղաղութեան դաշինք կնգուի, խնդիրը վերջ գտնէ, կը նշանակէ թէ պիտի հրաժարինք Շահումեանի շրջանից եւ Մարտունիի արեւելեան հողերից…

    Ընդունելի՞ է մեր կողմէ այդպիսի զիջումներ:

    Այդ շրջաններում ուր այդքան արիւն հայու հոսած է, ուր այդքան եկեղեցիներ ունենք, թողելու ենք թուրքին, յաւերժապէ՞ս: Քետաշէնը, ուր այդքան ժողովուրդ մարտիրոս դարձաւ, մնալու է միայն… ե՞րգ:

    Եւ դեռ մենք խոսում են զիջումների մասին…

    Իսկ ամենացաւալին այն է թէ, նոյնիսկ եթէ, որպէս վարկած միայն, ասենք թուրքին՝ ահա, ետ առէք Աղտամը, իսկ մնացեալը հաճեցէք թողել մեզի, ամէն դէպքում՝ ԱՅԴ ԵԼ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ:

    Այսինքն, նոյնիսկ որպէս տեսութիւն, բանակցային տրամաբանութեամբ՝ ի՞նչ իմաստ ունի որ մի կողմը խօսի զիջումների մնասին, երբ որ միւս կողմը միայն ամէնն է ուզում, միայն ամբողջը, միայն լրի՛ւն է պահանջում:

    Եւ այս ամէնը, երբ որ մենք ենք յաղթական կողմը !

    Կլոդը պարզապէս կտրուած է, անջատուած է հայոց էական իրականութիւնից:

    Ինք թող զբաղվի պատմութեամբ, անցեալի ուսումնասիրութեամբ, ինք անոր մասնագէտն է: Ներկայով ե ապագայով կը զբաղվին ուրիշներ:

    Արցախի հիմնախնդրում,
    ոչ միայն հայոց կողմէ ոչ մի զիջում անհնար է,
    այլ մենք ունենք տակաւին պահանջքներ,
    գտնվում ենք արդար եւ բացայայտօրէն հիմնաւորուած, համահայկական պահանջատիրութեան դիրքի վրայ:

    Ան որ վախենում է, ան որ վհատել կամ յոգնել է, ան որ չի հասկանում, թող պարզապէս… մի կողմ կանգնի, իր գործին նայի, եւ բարեհաճի չխանգարել կամ չխոչընդոտել մնացեալ հայութեան անայլայլ ընթացքը:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://www.shoushisummercamp.org/

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Իսկ ո՞րն է կոնկրե՛տ քո երկարաժամկետ ԼՈՒԾՈՒՄԸ. հայրենասիրական պաթոսից իջիր իրականությու՛ն ու մարդկանց ասա քո՛ իրատեսական լուծումը:

      • Հ.Շ. says:

        Նախ եւ առաջ, վերեւ բաւարար չափով նշած եւ յայտնած եմ որ ուղղակի իրականութեան մէջ եմ գտնվում, ընդհանրապէս ազգային, սակայն յատկապէս Արցախի նիւթով: Երկար տեւողութեամբ, յարատեւ եւ հաստատ, իսկական գործով, գետնի վրայ, հողի վրայ: Հետեւաբար որեւէ տեղից իջնելու ել հարց չկայ, քանզի ուղղակի ժողովուրդի հետ են իմ կապերը, իմ գործն ու յանձնառութիւնը, ընտանիքիս հետ:

        Լուծումը շատ պարզ է: Դիմանալ, տոկալ, եղած կացութիւնը պահել ու պահպանելու համար: Ժամանակը օգտագործել՝ մենք զմեզ զօրացնելու, երկիրը վերականքնելու, պետութինը ամրապնդելու: Մինչ նոյն ժամանակը գործում է թշնամիի դէմ:

        Այս ձեւով, պահը կու գայ, երբ գործնական կարողութիւնը կ’ունենանք յաղթականի իսկական հոգեբանութիւն ունենալու եւ արտայայտելու, եւ ըստ այնմ կը շարունակենք սկսած – սակայն անաւարտ, եւ այժմ առկախուած – մեր ազգային ընթացքը: Որ չի վերջանար անգամ Արցախով:

        Անշուշտ, այս ամէնը բնաւ իմաստ չունի այն հային համար որ ոչ մէկ յոյս եւ հաւատք չունի մեր ապագայի նկատմամբ, որ ամէն բան անվերջ դիտում է սեւ ակնոցներով, որ հիւանդագին յոռետեսութիւնը, ստորադասութեան բարդոյթը եւ անդարմանելի ինքնաատելութիւնը ուզում է ներկայացնել որպէս խելացութիւն, խոհեմութիւն, բանականութիւն կամ դեռ չգիտեմ ինչ:

        Իսկ խնդիրը այստեղ այն չէ թէ զիջումը կարող է լինի կամ չլինի լուծում: Խնդիրը այն է թէ, լաւագոյն պարագային անգամ, զիջումը ի զուր է, անիմաստ եւ ապարդիւն է: Սակայն իրողապէս՝ ծանրօրէն վնասակար է:

        Ամէ՛ն մի այսպիսի զիջումի կարծիք, թուլութեան եւ տկարութեան արտայայտութիւն, աւելացնում է իսկական եւ անմիջական վտանգը՝ սահմանը պահող մեր երեխաների գլխուն:

      • susanna says:

        Ինչքա՞ն կարող է հայը զիջել Ձեր կարծիքով, Վասակ Սյունի

  7. Atshak says:

    ամեն կարծիք էլ գոյության իմաստ ունի:
    մեկն էլ ասում ա, որ գնանք կախվենք, պրծնենք էս անարդար աշխարհից…
    😀

  8. Ցանկացած մարդ, ում երակներում Հայի արյունն է հոսում, իրեն թույլ չի տա խոսել տարածքների վերադարձման մասին: Այդպիսի “փայլուն դիվանագիտություն” կվարի միայն նա, ով չունի գենետիկ կապ Հայաստանում թափված արյան հետ: Հարցրե՛ք զոհվածներին` նրանց, ովքեր ազատագրեցին այդ տարածքները: Արդյո՞ք իրենց կյանքը զոհեցին, որպեսզի դուք այսօր աճուրդի հանեք այդ հողերը: Կարծում եմ, դուք պարզապես հարմարվել եք եվրոպական մայրաքաղաքների “հյուրընկալությանը” և դեմ չեք ամբողջ Հայաստանն էլ փոխանակել գնչուական ճակատագրի հետ: Ավելի անկեղծ լինելու համար պարզապես խոստովանեք, որ Հայաստանում Ադրբեջանամետ քարոզչություն վարելու և դարպասները ներսից բացելու համար արդեն 30 արծաթ եք ստացել և մնում է մարդկանց հոգեբանորեն տրամադրեք, իբր միևնույն է պարտվելու ենք և լավ կլինի կամովին հանձնվենք: Հակառակ դեպքում, ճառելու և Աղդամի չբնակեցված լինելը փաստարկելու փոխարեն, եկե՛ք և բնակեցրե՛ք այդ հողերը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930