Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային խառը տոլմա՝ սոխառածով

Հունիս 07,2015 12:30

Տոլմա սիրողներն իրենց հերթին բաժանվում են թփով տոլմայի կամ կաղամբով տոլմայի սիրահարների: Ամառային խառը տոլմայի սիրահարներն ավելի մեծ թիվ են կազմում: Սակայն կա մեկ այլ հետաքրքիր բաժանում եւս՝ տոմատով, սերկեւիլով, չրով եւ սոխեռածով տոլմայի սիրահարներ եւ սպիտակ, «գույնը գցած» տոլմայի սիրահարներ:
Ինչպե՞ս նրանց բոլորին միավորել «մի կաթսայի մեջ»: Պարզապես պատրաստել տոլման այնպես, որ բոլորին հասնի հե՛նց իրենց սիրած տոլման:

Անհրաժեշտ մթերքները

Լցոնի համար
Տավարի աղացած միս- 0,5 կգ
Գառան կամ խոզի աղացած միս- 0,5 կգ
Սոխ-2 հատ
Բրինձ- կես բաժակ
Աղ
Սեւ եւ կարմիր աղացած պղպեղ
Թարմ խառը կանաչի- 1 կապ (կարող եք առանձին ավելացնել նաեւ մի քանի ճյուղ անանուխ, ռեհան, անգամ՝ թարխուն)
Լոլիկի մածուկ- 3 ճաշի գդալ
Կարագ կամ հալած յուղ- 3 ճաշի գդալ (եթե խոզի կամ գառան միսը բավականին յուղոտ է, կարող եք չավելացնել)
Չորացրած կանաչիներ (անանուխ, ծիտրոն, ռեհան եւ այլն)-1 ճաշի գդալ

Սոխեռածի համար

4 մեծ սոխ
4 ճաշի գդալ լոլիկի մածուկ
4 ճաշի գդալ բուսական յուղ
Չորացրած ռեհան-1 ճաշի գդալ
Ինչպես նաեւ
Դդմիկ-2 հատ
Կանաչ պղպեղ-2 հատ
Խաղողի թուփ- 20-30 հատիկ
Կաղամբ- 1 փոքր գլուխ
Սոխ-3-4 հատ
Լոլիկ-2-3 հատ
Սերկեւիլ կամ խնձոր- 1 հատ
Սեւ սալորաչիր-5-8 հատիկ

Պատրաստման եղանակը

tolma1Տավարի եւ խոզի (կամ գառան) փափուկ միսը աղացեք: Եթե միայն տավարի միս եք վերցնում, ապա վերեւում գրված կարագի կամ յուղի քանակը մի փոքր էլ ավելացրեք: Ավելացրեք շատ մանր կտրատած սոխը, կանաչիները, լվացած բրինձը, լոլիկի մածուկը եւ բոլոր համեմունքները՝ աղը, պղպեղները, չորացրած կանաչիները, կարագը կամ յուղը: Լավ խառնեք, դրեք մի կողմ:

tolma2

Նախապատրաստեք բանջարեղենները: Լվացեք, մեջտեղից մեկ կամ երկու կես արեք եւ զգուշությամբ փորեք դդմիկները: Եթե սմբուկ էլ եք լցոնելու, նույն ձեւով կտրեք եւ փորեք սմբուկը: Կտրեք պղպեղների գլխիկները եւ մաքրեք սերմերից, նույնպես վարվեք նաեւ լոլիկների հետ:

tolma3 tolma-4Գլուխ սոխը կեղեւեք եւ նույնպես փորեք (ի դեպ, ինչպես սոխի, այնպես էլ լոլիկի միջից հանված «փորվածքը»՝ միջուկը, կարող եք մանր կտրատել եւ խառնել մսի լցոնին): Կաղամբի կոթը կտրեք, հանեք, կաղամբը լվացեք եւ ընկղմեք եռացող ջրով լի մեծ կաթսայի մեջ, թողեք 3 րոպե եփվի (չմոռանաք ջրին մեկ ճաշի գդալ աղ ավելացնել): Եթե թարմ խաղողի տերեւ եք օգտագործելու, մեկ րոպեով էլ այն գցեք եռացող ջրի մեջ: Եթե սառեցված տերեւ է, ապա հանեք սառցախցիկից եւ ընկղմեք եռման ջրով լցված թասիկի մեջ, մի քանի րոպեից ջուրը թափեք:

Եվ վերջապես՝ սոխեռածը: Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, մեջը լցրեք երկար-բարակ կտրատած սոխը, թողեք տապակվի, ավելացրեք չորացրած ռեհանը, ապա՝ լոլիկի մածուկը: Թողեք մի քանի րոպե եփվի, անջատեք:

tolma-5 tolma-6
Մեծ կաթսայի տակ շարեք մի շերտ կաղամբ: Բանջարեղենները լցոնեք մսով: Ամենաներքեւում դրեք խոշոր տոլմաները՝ դդմիկները, պղպեղները, սմբուկը: Վրան շարեք լցոնած կաղամբները, սոխը, լոլիկը: Կաղամբի վրա լցրեք սոխեռածը, դրեք խնձորի կամ սերկեւիլի կտորներ եւ սեւ սալորաչիր: Ամենավերեւում շարեք խաղողի թփով տոլմաները, որոնց վրա արդեն սոխեռած պետք չի անել:

tolma-7 tolma-8 Տոլմաների վրա շուռ տվեք ափսե, ապա 0,5 բաժակ ջուր լցրեք, շատ ամուր փակեք կափարիչով եւ դրեք գազի վրա: Հենց սկսի եռալ, անմիջապես իջեցրեք կրակը, թող լինի շատ մարմանդ: Կես ժամից ստուգեք՝ մի տոլմա փորձելով, եթե բրինձը եփվել է, կարող եք անջատել:

Դդմիկով եւ խաղողի թփով տոլմաները կարող եք մատուցել սխտոր-մածունի թանձրուկով, իսկ մնացածները՝ սոխեռածով:

Բարի ախորժակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930