Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր Խորհրդարան. Ներկա վարչախումբն անհուսալի է Իրանի հետ ռազմավարական ծրագրեր մշակելու և իրականացնելու առումով

Հունիս 06,2015 12:06

Հայաստանում գործող վարչախումբը շարունակում է մեր երկրի քաղաքական և տնտեսական ինքնիշխանության մաս-մաս վաճառքը: Տնտեսական ինքնիշխանության վաճառքի վերջին գործարքը  Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան 40 քմ-ոց հատվածի վաճառքն է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որը փաստացի ամբողջությամբ ռուսական ընկերություն է: Այս գործարքի հետևանքով գազի տեղափոխման և բախշման ամբողջ համակարգը կդառնա ռուսական ընկերության սեփականությունը: Այս գործարքի իրականացման համար որևէ տնտեսական հիմնավորում գոյություն չունի, քանի որ գազատարի նշված հատվածը վարձակալության էր տրված նույն  «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը և թեկուզ չնչին շահույթ էր բերում, իսկ քաղաքական տեսակետից ապահովում էր գոնե խորհրդանշական ինչ-որ էներգետիկ անկախություն Հայաստանի համար: Սա նաև հերթական ապացույցն է այն բանի, որ ներկա վարչախումբն անհուսալի է Իրանի հետ ռազմավարական ծրագրեր մշակելու և իրականացնելու առումով:

Գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքը, ինչպես նաև նախկինում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռեժիմների օրոք կնքված Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի վաճառքին վերաբերվող բոլոր գործարքները այլ բան չեն կարող համարվել, քան պետական դավաճանություն: Այդ գործարքների հետևանքով Հայաստանը կորցրել է էներգետիկ անկախությունը և անվտանգությունը, մեր երկրի էներգահամակարգը գտնվում է օտար պետության տիրապետման տակ և այդ պետության` Ռուսաստանի վերնախավը, Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանությունների հետ համագործակցելով անխնա շահագործում և թալանում է մեր էներգահամակարգը և մեր ժողովուրդը. դրա վերջին ապացույցը հոսանքի գնի անհիմն թանկացման հայտն է, որը ներկայացրել է ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ի պատկանող ՀԷՑ ընկերությունը: Մեր հանրությանը և նույնիսկ մասնագետներին մինչև այսօր հայտնի չեն ոչ հոսանքի ոչ էլ գազի գնագոյացման մեխանիզմները և բաղադրիչները, այս ոլորտը ամբողջությամբ կոռումպացված է և անհասանելի է հանրային վերահսկողության:

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ ներկա ռեժիմի հեռացումից հետո երկրի ռազմավարական կառույցները, որոնց թվում առաջին հերթին էներգահամակարգը,  ազգայնացվելու են: Ինքնիշխան Հայաստանում այդ կառույցների հսկիչ փաթեթը պատկանելու է պետության իսկ մասնակի մասնավորեցումը կատարվելու է տեխնոլոգիական հագեցում և ներդրումներ ապահովելու նպատակով:

Հիմնադիր խորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930