Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներին մասնակցում են արդեն նաիրիտցիների անչափահաս երեխաները: Երեկ նաիրիտցիների հերթական ցույցին 3 անչափաս երեխաներ՝ հազիվ 7-8 տարեկան, մեծահասակ նաիրիտցիների հետ միասին բացականչում էին՝ «պարտքի մարում, վարչապետ, դուրս արի, մեր պարտքերը դու մարի»:
«Առավոտը» փոքրիկներից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ պարտքի մարում են իրենք պահանջում, հասկանո՞ւմ են՝ ի՞նչ են ասում, նրանցից ամենաանկաշկանդը մեզ ասաց. «Հա, գիտեմ, պապաս ու հորքուրս աշխատել են գործարանում, բայց իրանց փողերը է՛ն (ձեռքով ցույց է տալիս կառավարության շենքը- Ն. Բ.) ձյաձյաները չեն տալիս»:
Այս երեխան կառավարության շենքի մոտ էր եկել իր տատիկի հետ, մենք նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրե՞նք են սովորեցրել փոքրիկներին պարտքի մարում պահանջել, եւ որ նաիրիտցիներին աշխատավարձ են պարտք: Տատիկն ասաց, որ ինքն ընդամենը պատմել է, թե ինչի համար են եկել Հանրապետության հրապարակ, ու քանի որ բավականին երկար ժամանակ է, ինչ նաիրիտցիների աշխատավարձերը չեն տալիս, իրենք ընտանիքում հաճախ են այդ մասին խոսում, երեխան էլ լսում է՝ հասկանում:
Հետո այս պայքարող, ընդվզող փոքրիկը մեզ բացատրեց, թե ինչու է ինքը պահանջում իր հայրիկի եւ հորաքրոջ աշխատավարձը. «Ես ուզում եմ սպորտի գնամ, ձյուդոյի գնամ, գիտարի գնամ, լիքը բաներ եմ ուզում, իսկ փող չկա: Իրենք որ մեր փողերը տան, ես համ գիտարի կգնամ, համ էլ ձյուդոյի»:
Նաիրիտցիները խոստացել են շարունակել իրենց բողոքի ակցիաները. երեկ նրանք Տիգրան Մեծ փողոցն էին փակել եւ հայտարարեցին, որ նստացույցի են դիմելու, եթե կառավարությունը կարճ ժամանակում չմարի իրենց աշխատավարձերի պարտքը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցրել են, որ մինչեւ տարեվերջ նաիրիտցիների պարտքն ամբողջությամբ կմարեն: Իսկ նաիրիտցիները չեն վստահում այս խոստումներին եւ չեն պատրաստվում մինչեւ տարեվերջ սպասել:
Երեկվա բողոքի ակցիային էր «խառնվել» հայտնի ՀՀԿ տատը: «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար ու ՀՀԿ տատից ոչ պակաս հայտնի Անի Զախարյանը եւս եկել էր կառավարության շենքի մոտ, իր ասելով՝ սատարելու, աջակցելու նաիրիտցիներին: Անի Զախարյանի միջամտությունը նաիրիտցիներին ամենեւին դուր չեկավ, նրան խնդրեցին, որ չփորձի նաիրիտցիներին ինչ-որ ուղղություններ տալ, թե՝ ինչ անեն, ինչ չանեն: Երեկ միջադեպ տեղի ունեցավ մի քանի նաիրիտցիների, ՀՀԿ տատի ու Անի Զախարյանի միջեւ. Զախարյանն ու ՀՀԿ տատը միմյանց հետ բորբոքված վիճաբանում էին, տատը Զախարյանին ասաց. «Դու Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղարկածն ես»: Չգիտեմ, թե այս խոսքերից ինչո՞ւ վիրավորվեց Անի Զախարյանը, բայց այս երկու կանանց միջեւ կրքերը բորբոքվեցին. Զախարյանը ՀՀԿ տատին դիմեց. «Բոլորովին վերջերս դուք ինձ ասում էիք՝ Անի ջան, շատ էլեգանտ ես»: Տատն էլ պատասխանեց. «Անամոթ»: Տիկնանց վեճը թեժանալուց հետո նաիրիտցիները նրանցից պահանջեցին հեռու մնալ իրենցից:
Նաիրիտցիների այս պահանջն էլ դուր չեկավ Անի Զախարյանին սատարող մի տղամարդու, որն էլ սկսեց պաշտպանել Զախարյանին ու դիմեց նաիրիտցիներին. «Ձեզ համար է տառապում էս աղջիկը, չե՞ք հասկանում: Անի ջան, քո էությունդ, հոգիդ, որ տալիս ես ազգին, ազգդ, ցեղդ, որ անկիրթ ա, քեզ չի հասկանում, թող գնա տառապի»: Հետո այս տղամարդը Անի Զախարյանով իրապես հիացած՝ հորդորեց. «Արի, արի գնանք: Քեզ չեն հասկանում»:
Կարդացեք նաև
Ու նաիրիտցիների մոտից գնացին ՀՀԿ տատը, այդ տղամարդն ու Անի Զախարյանը: Բայց Անի Զախարյանը ցտեսություն ասաց ու խոստացավ նորից վերադառնալ, որովհետեւ, իր խոսքերով ասած՝ «քանզի սիրում եմ ձեզ, նաիրիտցիներ»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.06.2015