«Ամեն ինչ սկսվեց տեսաերիզի հրապարակումից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի (լուսանկարում) հայրը՝ Պետրոս Մհերյանը, անդրադառնալով հարցին, թե ինչով էր պայմանավորված որդու սպանությունից 6 տարի անց գործի նկատմամբ իրավապահների այսչափ հետաքրքրվածությունը:
Հիշեցնենք, որ այսօր քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Մհերյանի սպանության գործի նյութերով Ազգային անվտանգության ծառայությունը այս տարվա մարտին հարուցել է նոր քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ և առանձին վարույթով ուղարկել դատախազություն։
Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել սպանությունը բացահայտելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում հատուկ սուբյեկտ համարվող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ։
«Ինձ համար էլ է տարօրինակ, թե ինչու 6 տարի անց սկսեցին նման հետաքրքրություն ցուցաբերել գործի նկատմամբ: Իրենց ձեռքի տակ կար բոլոր անհրաժեշտ նյութերը, ապացույցներ: Բայց ամեն ինչ սկսվեց իմ կողմից դիսկի հրապարակումից հետո, որից հետո նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը սկսեց հայտարարել, թե դա անհեթեթություն է: Դե, թող տեսնեն անհեթեթությունը որն է: Դե, թող հերքեն դիսկի ձայնագրությունը: Սաղ իրենց արած գործն է»,- ասաց Պետրոս Մհերյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Մհերյանը տեսաերիզը ամիսներ առաջ տրամադրել էր «Առաջին լրատվական»-ին, որում բավական հետաքրքիր փաստեր կային: Տեսաերիզում բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ խոսվում է սպանությունը ուրիշի գլխին բարդելու մասին, և կազմում են այն իրագործելու սցենարը:
Մասնավորապես, այնտեղ խոսք է գնում սպանությունը Գևորգ Իգիթյանի գլխին բարդելու մասին, ում Մհերյանի սպանության գիշերը՝ դեպքից երկու ժամ անց, Ալիկ Սարգսյանը կանչել է իր մոտ, և ինչպես ինքն էր ասել՝ զրուցել հետը: Սարգսյանը դա պատճառաբանում էր նրանով, որ Գևորգ Իգիթյանը Մհերյանի հետ տարաձայնություններ է ունեցել մի քրեական գործի շրջանակներում, ինչի համար մեղադրվել ու դատապարտվել էր Իգիթյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: