Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «ՏԻՄ ընտրություններում քաղաքական մոբիլիզացիա չկա»

Հունիս 05,2015 21:39
Armen Martirosyan

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքերով՝ եթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրվի ընդդիմության ներկայացուցիչ, ապա կարճ ժամանակ հետո նա կդառնա հանրապետական:

«Բացարձակապես ոչինչ չեմ ակնկալում ընտրություններից. ՏԻՄ համակարգ Հայաստանում գոյություն չունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով կիրակի՝ հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության մի քանի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին:

«Ժառանգություն» կուսակցությունը այդ ընտրություններին որեւէ թեկնածու չի առաջադրել: Հետաքրքրվեցինք, թե որո՞նք են պատճառները:

«ՏԻՄ ընտրություններին չենք մասնակցում մի պարզ պատճառով. կուսակցությունը քաղաքական ծրագիր առաջ տանելու համար է, կուսակցությունը քաղաքական այլընտրանք ներկայացնելու համար է, կուսակցությունը կառավարման գործիքակազմ ներկայացնելու համար է: ՏԻՄ ընտրություններում քաղաքականը իսպառ վերացել է, հատկապես՝ գյուղերում.  կա՛մ խոշոր, ամենամեծ գերդաստանի ներկայացուցիչն է ընտրվում, կա՛մ իշխանությունն ում ասում է, նա է ընտրվում»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝  եթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրվի ընդդիմության ներկայացուցիչ կամ խոշոր գերադաստանի ներկայացուցիչ, որն իշխանության անդամ չէ, ապա կարճ ժամանակ հետո նա կդառնա հանրապետական. «Բոլոր ֆինանսական լծակները մարզպետի ձեռքում են, ինքն է որոշում՝ ինչ ծրագրեր իրականացնի տվյալ տարածքում: Այսինքն՝ այդ ամենը բերելու է նրան, որ գյուղապետերը կամ ՏԻՄ մարմինները, բացառությամբ՝ Գյումրիի եւ մի փոքր էլ Վանաձորի, մարզպետին ենթակա անձնավորություններ են լինելու: Եթե մարզպետներին չեն ենթարկվում, ապա միանշանակ իշխանության ամենաբարձր մակարդակին են ենթարկվում: Ուստի՝ որեւէ քաղաքական տրամաբանություն չկա, որ կուսակցությունն առանց այդ էլ իր չունեցած ֆինանսական ռեսուրսները ներդնի եւ մասնակցի այդ պայքարին, որը քաղաքական չէ: Ի տարբերություն համապետական ընտրությունների, որտեղ քաղաքական տարրն արդեն գոյություն ունի, որտեղ կարողանում ես քաղաքացուն քաղաքական հարցի շուրջ մոբիլիզացնել, մենք այդտեղ մասնակցում ենք, իսկ այս դեպքում քաղաքական մոբիլիզացիան չկա, որպեսզի դու մասնակցես, դա է խնդիրը»:

Նկատառմանը, թե ընդդիմությունը միշտ մեղադրում է գյուղապետերին իշխանական կուսակցության համար ձայներ հավաքելու համար, նա ասաց, որ միայն գյուղապետերը չեն ձայներ հավաքում. «Երեւանում նախարարությունները չե՞ն հավաքում, բուհերում չե՞ն հավաքում, դպրոցներում չե՞ն հավաքում, պետական հիմնարկներում չե՞ն հավաքում: Գյուղերում միայն մի խնդիր կա, որ դատարկ գյուղերում 99% մասնակցություն է ցույց տալիս, բայց դա գյուղապետի խնդրի հետ կապված չէ, դա արդեն հանձնաժողովի վրա իշխանության ճնշման մասին է խոսում, երբ տեղերում հանձնաժողովի անդամին կա՛մ ահաբեկում են, կա՛մ կաշառում»:

ԱՄԻ  ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930