Տուժող Հակոբյանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել
Այսօր Վարդան Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարան է դիմել տուժող Հակոբյանների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը: Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունվարին կայացրած դատավճռը, ըստ որի՝ Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարի ազատազրկման եւ 2 տարով զրկվել էր վարորդական իրավունքից:
Հակոբյանների՝ Վճառաբեկ բողոքի պահանջն նույնն է, ինչ-որ Վերաքննիչ դատարանի դեպքում էր՝ ոչ թե 5, այլ 6 տարի ազատազրկում եւ ոչ թե 2, այլ՝ 3 տարով վարորդական իրավունքից զրկում:
Նշենք նաեւ, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վարդան Պետրոսյանը պատիժը պիտի կրի բաց տիպի ռեժիմային գոտում, ինչպես նախատեսված է անզգույշ հանցագործությունների դեպքում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի զրույցում Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Հակոբյանների՝ Վճռաբեկ բողոք նեերկայացնելու մասին ասաց. «Իրենց նպատակը մեկն է՝ Վարդան Պետրոսյանն ավելի երկար անազատության մեջ մնա: Այսինքն, Վերաքննիչի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Վարդան Պետրոսյանը պիտի պատիժը կրի բաց տիպի՝ դրսում: Վճռաբեկ բողոքեցին, որպեսզի ավելի երկար մնա կալանքի տակ: Ոչ մի ուրիշ խնդիր չկա: Հիմա, երբ բողոքարկում են, Վերաքննիչի որոշումը օրինական ուժի մեջ չի մտնի, եւ Վարդան Պետրոսյանը կշարունակի անազատության մեջ մնալ»:
Ռուբեն Բալոյանն էլ այս առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց. «Նիկոլայ Բաղդասարյանը չարաչար սխալվում է: Մենք նման նպատակ չունենք՝ Վարդան Պետրոսյանին երկար կալանքի տակ պահելու: Մեր նպատակն այն է, որ Տաթեւիկ Հակոբյանին պատճառված վնասը հատուցվեր: Եթե Վարդան Պետրոսյանը Վերաքննիչ դատարանում ցանկություն հայտնեց հոգալ Տաթեւիկի բուժման ծախսերը, իսկ հետո հրաժարվեց, սա ո՞նց կբացատրեք»:
Պարոն Բալոյանի խոսքերով՝ Վարդան Պետրոսյանը դատարանում հայտարարել է, որ պատրաստակամ է առանց նախապայմանների հոգալ Տաթեւիկի բուժման ծախսերը. «Հիմա գալիս է պահը, որ արդեն մենք համաձայնություն ենք տալիս, փաստացի հրաժարվում ենք 8,7 միլիոն դրամի պահանջի հայցից, ասում ենք՝ դե հոգա, գումար չենք ուզում, բուժի: Ուղղակի իրենց առաջ հարց ենք դրել, որ բուժումը պիտի իրականացնի մինչեւ լիարժեք ապաքինումն ու ֆունկցիաների վերականգնումը, բայց ոնց որ իրենց դուր չեկավ, որ նման հարց ենք դրել: Ասել ենք եռակողմ պայմանագիր կնքենք՝ Վարդան Պետրոսյան-բուժհաստատություն եւ Տաթեւիկ Հակոբյան: Ասել ենք՝ Տաթեւիկն էլ պիտի լինի պայմանագրի կողմ, որ մինչեւ լիրաժեք ապաքինումն ու ֆունկցիաների վերականգնումը պիտի բոլոր ծախսերը հոգաս: Ես հասկացա, որ իրենց անհանգստացրել է ֆունկցիաների խանգարման հանգամանքը, որովհետեւ այդ աղջիկը խնդիր ունի, մենք ձեւական չենք ուզել այդ գումարը, որ Նիկոլայ Բաղդասարյանն ուզում է վարկաբեկել տուժողներին: Մենք ասում ենք՝ մեզ փող պետք չէ, ասել ես՝ բուժի»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե Ն. Բաղդասարյանը վստահեցնում է, որ իրենք չեն հրաժարվում բուժելու պատրաստակամությունից, եւ եռակողմ պայմանագրի կարիք չեն տեսնում, պատրաստ են ստանձնել Տաթեւիկ Հակոբյանի բուժումը, պարոն Բալոյան ասաց.՝ «Եթե դուք արդարացի եք, ձեր համար ի՞նչ տարբերություն՝ պայմանագիրը եռակո՞ղմ է, թե երկկողմանի: Թող պայմանագիր կնքեն»:
Ռուբեն Բալոյանը կարծիք հայտնեց, որ իրենց Վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվելու. «Մենք մեր բողոքները Հայաստանի բոլոր ատյաններում պիտի սպառենք, դրանից հետո Եվրոդատարան ենք դիմելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ախր, հաստատ գումարով (8 մլն 700.000) որ ուզեր են հատուցման նիւթը փակել, եւ այդպէսով` վերջացնել այս այլապէս անվերջանալի պատմութիւնը, ինչո՞ւ չէք ընդունում ???!!
8 մլն 700.000-ը տուէք,
ի դիմաց վերջնական անդորրագրի,
ու… վերջ !
ի՞նչ ուզում են թող անեն գումարին հետ,
ատիկա ձեր խնդիրը չի…
եւ արդարացի է վիրաւոր օրիորդի ծնողքի ընդվզումը, որովհետեւ ձեր կեցուածքը կը նշանակէ թէ իրենց չէք վստահում որ այդ գումարը իրապէս յատկացնելու են իրենց դուստրի բուժման
Վարդանը, ինք, ի վիճակի չէ յստակատես կերպով վերլուծելու այս կացութիւնը… իր ընտանեկան շրջապատն ել սառած, մնացած է…
ուրեմն… կը բաւէ՛ ալ, Պարոն Բաղդասարյան
բա՛ւ է, այ մարդ
Մ. Հայդուկ Շամլեան, իրաւաբան, Գանատա
Դատական գործընթացը, մինչ – համաձայնութեան ճամբով – արդէն այսքան երկար ժամանակ պէտք չէ որ տեւեր, կարող է որ դեռ շարունակուի, տարիներով: Երկու կողմերն ել Եւրոդատարանի մասին են խօսում, իսկ դեռ Հակոբյանները հնարաւորութիւնը ունեն նոր քաղաքացիական դատ սկսելու Հայաստանի մէջ, հատուցման նիւթով, քանի որ քրէական դատարանը, ամիսներ երկարող դատի մը աւարտին, խուսափեցաւ այդ կէտի վրայ վճիռ արձակելէ: Եւ այդ նոր, քաղաքացիական դատն ել մի քանի աստիճանների է ենթարկուելու…
Պէտք է որ մէկը սառը բանականութեամբ, միայն գլուխով մօտենայ խնդրին: Եւ Վարդանը աւելի ատակ է այդ ընելու, քան թէ դիմացի կողմը: Սակայն ան պէտք ունի իր փաստաբանի որոշիչ օժանդակութեան, այդ ուղղութեամբ, քանզի, հասկնալիօրէն, իր նորմալ վիճակին մէջ չէ ինք:
Եթէ խնդիրը 8 մլն 700.000 դրամով կը վերջանայ այս պատմութիւնը, ինչո՞ւ չվերջանայ:
Այդ գումարին համեմատ, արդեօք որքա՜ն ծախսեր եղան մինչեւ հիմա…
Մինչ ամիսներ առաջ, Յունուարի վերջը, առաջին ատեանի վճիռը հազիւ արտասանուած, դահլիճից դուրս գալու պահէն սկսեալ, դատարանի դրան սեմից, Պարոն Բաղդասարյանը սկսաւ ամէն կողմ յայտարարել ու պնդել, որպէս հաստատ իրականութիւն, թէ յոռեգոյն վարկածով իսկ, Վարդանը անպայման բանտէն դուրս է լինելու… մի ամից: (Խնդրեմ, մի հատ Google ըրէք Մեկ-ամսից-Վարդան-Պետրոսյանը-ազատության-մեջ-կլինի ) :
Գոնէ Յունուարէն ի վեր (չխօսելու համար սկիզբէն ի վեր կատարուած սխալների մասին…), Պաշտպանութեան մարտավարութիւնը հիմնուած էր ուրեմն այս հաստատումին վրայ որ, դե, ոչինչ, ամէն դէպքում, մի ամսից արդէն Վարդանը մարմնապէս դուրս է լինելու բանտից:
Ի դէպ, նոյնիսկ եթէ իրական լինէր այդ վարկածը, ի՞նչ էր օգուտը զայն այդպէս յայտնելու անվերջ, ամէն կողմ… Մինչ վնասը պարզ է, դիմացի կողմի հոգեբանութեան նկատմամբ…
Յետոյ, սկսան ապրիլեան համաներման ինքնահաճ հռչակումներ, այդ ել որպէս հաստատ իրողութիւն: Յետոյ, երբ չստացվեց, նորէն համաներումի համոզում, թեկուզ արդէն նուազ վստահութեամբ, Մայիսի համար…
Փաստօրէն, այս անհիմն երաշխիքների, լոկ ենթակայական հաւաստիքների պատճառով է որ համաձայնութիւն չէ գոյացած, ինչ-ինչ առարկութիւններով:
Եւ ահա Յունիս հասանք,
եւ դեռ դատական նոր գործընթաց մը եւս կը սկսի…
այդ ալ ամառուայ սեմին…
Այս խնդիրը կարող էր վերջանալ արկածից մի քանի ամիսներ ետք:
Սակայն լաւ, եղածը եղաւ, չեղածն ալ չեղաւ,
կարելի չէ վերադառնալ ժամանակի մէջ:
Սակայն հիմա՝
սա 8 մլն 700.000-ը մուծեցէք, վերջանանք:
Հաճիք: