Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները 2015թ.-ի հունվարի 13-ին ժամը 00:15-ին հայտնաբերել են հայ-թուրքական պետական սահմանին ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձին և այդ մասին որևէ տեղեկություն չեն փոխանցել ոչ՛ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ոչ էլ՛ ՀՀ Իրավապահ մարմիններին: Հետագայում, երբ պարզ է դարձել, որ այդ անձը եղել է հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի դաշնության 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունների կատարման մեջ, դարձյալ ՌԴ իրավապահ մարմինների կողմից տեղեկատվություն չի տրամադրվել ՀՀ իրավապահ մարմիններին, և ոչ էլ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն է պահանջել համապատասխան տեղեկատվություն ՌԴ-ի իրավապահ մարմիններից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների վերոհիշյալ անգործությունները պարունակում են մի շարք հանցակազմեր: Ելնելով այս հանգամանքից՝ 2015թ.-ի հունիսի 3-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին՝ կատարված հանցագործությունը բացահայտելու, քրեական գործ հարուցելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ: Հատկանշական է, որ ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող Պերմյակովին ապօրինի ձերբակալել և հանձնել են ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներին, որից հետո Ռուսական կողմը հրաժարվել է հայկական կողմին հանձնել Պերմյակովին: Մինչդեռ ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի տարածքը Հայաստանի տարածքն է և ընդհամենը վարձակալության է հանձնված ՌԴ-ին: Հետևաբար տվյալ ռազմակայանի տարածքում գործում են ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ օրենքները: Այսինքն, անտրամաբանական է Պերմյակովին հայկական կողմին հանձնելը, քանի որ նա արդեն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Ինչ վերաբերում է ՌԴ սահմանապահներին, նրանք լիազորություն չունեն անձանց ձերբակալելու, այլ միայն կարող են բռնել այն անձանց, ովքեր ապօրինի փորձում են հատել հայ-թուրքական կամ հայ-իրանական սահմանը, որից հետո պետք է կանչեն ՀՀ Ազգային անվտանգության մարմիններին և նրանց փոխանցեն իրավախախտին: Մինչդեռ ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները խախտել են օրենքը և կարելի է ասել, Պերմյակովին փախցրել են: Ելնելով այս հանգամանքից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հունիսի 3-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ ՌԴ 102 ռազմաբազայի սպայական անձնակազմի, ՌԴ Սահմանապահ զորքերի զինծառայողների և ՀՀ ԱԱԾ համապատասխան ծառայակիցների դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ