Մարինա Պողոսյանի խոսքերով՝ քննիչ Պարույր Աղաբաբյանը ընդհանրապես քննություն չի կատարել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հունիսի 5-ին շարունակվում էր «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոնի քննչական վարչության քննիչ Պարույր Աղաբաբյանի կայացրած որոշման:
Կարդացեք նաև
Պարույր Աղաբաբյանը չէր ներկայացել դատարան եւ նիստը շարունակվեց առանց նրա: Մարինա Պողոսյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ Քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը, հասկանալով, որ իր կատարած հանցագործությունները պետք է պարզվեն, շահադիտական նպատակներով կատարել է սուտ մատնություն. «Նրա շահադիտական նպատակը իրավապաշտպանների վրա ճնշում գործադրելն է, որպեսզի ես հասկանամ, որ իմ ցանկացած քայլ կարող է որոշակի պետական մարմինների կողմից ճնշման ենթարկվել, եւ շորթումով գործ է հարուցվել: Ես իմ ամեն ասած կարող եմ փաստել»:
Նա նշեց, որ Հովհաննես Երիցյանը, առնչություն չունենալով Նար-Դոս փողոցում գտնվող տան հետ, հայտարարություն է տվել ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի բաժին: Նա հավելեց, որ Հովհաննես Երիցյանը երեւի թե թրաֆիքինգի բաժին է դիմել, քանի որ դրանից մի քանի օր առաջ վերջիններս սեղանակիցներ են եղել եւ որոշել են ճնշում գործադրել իր վրա. «Ցավոք սրտի, թրաֆիքինգի բաժնում ընդհանրապես բացատրություն տալու չեն կանչում ո՛չ ինձ, ո՛չ Տիգրան Լեւոնյանին: Տրված բացատրություններից արդեն երեւում է, որ ընդհանրապես շորթման մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ Երիցյանի մատնանշած անձինք գալիս եւ հերքում էին, որ իմ կողմից եղել է սպառնալիք, որ ես ղազախական մաֆիայի ներկայացուցիչ եմ, որ վախեցրել եմ տղաների, որ իրենց մայրերին վրաերթի կենթարկեմ, որ իրենց կգողանամ, եւ այդ սպառնալիքների տակ փորձել եմ տիրանալ Նար-Դոսում գտնվող գույքին, որն ի դեպ Երիցյանին չէր պատկանել»:
Մարինա Պողոսյանը ընդգծեց, որ քրեական գործն անհիմն է հարուցվել. «Գործը քննող քննիչ Պարույր Աղաբաբյանը կոնկրետ հանցագործ է, հասկանում եմ, որ հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, որովհետեւ վերջինս կա՛մ անգրագետ է, որը նույնպես հանցագործություն է, կա՛մ կաշառված է, որովհետեւ վերջինս ընդհանրապես քննություն չի արել: Գործում եղել են ցուցմունքներ, որոնք չեն գնահատվել քննիչի կողմից, ընդհանրապես շորթման գործը Պարույր Աղաբաբյանը չի քննել, այսինքն՝ վերջինս ոչ թե քննիչի դեր է ստանձնել, այլ՝ քարտուղարուհու. հավաքագրել է ցուցմունքներ»:
Նա հավելեց, որ Հովհաննես Երիցյանի հետ առերեսման ընթացքում հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է վերջինս դիմել թրաֆիքինգի բաժին, վերջինս հրաժարվել է առերեսվել եւ փախել է. «Ավելին՝ Երիցյանը առերեսումներին ներկայացել է զենքով, որը դնում էր սեղանին, եւ նախագահի նկարով: Եվ առերեսում չի եղել. այն վերածվել է շուկայի, որովհետեւ ով ասես մտնում էր, եւ առերես հարցաքննության ժամանակ որեւէ ասած բառ չի գրանցվել»:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին:
«Վելես» հասարակական կազմակերպությունը զբաղվում է վաշխառուներից տուժած քաղաքացիների շահերի պաշտպանությամբ: Մարինա Պողոսյանը բազմիցս հայտարարել է, որ Քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը վաշխառու է, եւ նրա գործունեությունից շատերն են տուժել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ