Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Գևորգյան. «Մեծ չափերի սիգա ձկներ մի գնեք, հորմոն կերած են»

Հունիս 05,2015 17:11

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Չլուծված էկոլոգիական խնդիրներն ու շրջակա միջավայրի պահպանությունը Հայաստանում» խորագրով քննարկմանը փորձագետներն անդրադարձան մի շարք բնապահպանական խնդիրների, ինչպիսիք են Սևանա լճի, Արարատյան Արտեզյան ավազանի, հանքարդյունաբերական խնդիրները:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» հկ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը ահազանգեց, թե «էկոլոգիական խնդիրների առումով բացասական պատկեր ենք ստացել». «Լուրջ խնդիր է Արարատյան Արտեզյան ավազանի հարցը: Անապատացման եզրին ենք կանգնեցնել Արարատյան դաշտը մեր ագահությամբ, հեռատես չլինելով և ջրերի ռացիոնալ օգտագործումը անտեսելով»:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նկատեց, թե ՀՀ քաղաքացիները բնության պահպանության միջազգային օրը տոնելու իրավունք չունեն, քանի որ միայն հետընթաց են գրանցել: Դառնալով այն փաստին, որ ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրված ատոմակայան կառուցելու մասին օրենքը, պարոն Սանասարյանը վրդովվեց. «Սա հանցագործություն է: Այժմ խորհրդարանում դրված է նաև հանքարդյունաբերական պոչանքը վերամշակելու օրենքի նախագիծ: Բոլորս էլ դա ուզում ենք, բայց եթե նայեք այդ փաստաթղթին, այնտեղ ընդհանրապես նախագիծ չկա, և եթե այս գործը ընթացք ստանա, մենք շրջակա միջավայրի ավերածությունների առաջ ենք կանգնելու: Մի խոսքով, ՀՀ-ում վարվում է էկոլոգիական խնդիրների տապալման քաղաքականություն»:

Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը շեշտեց, որ ՀՀ-ում հանքարդյունաբերության ռիսկերը կառավարելի չեն. «Մենք դեմ ենք բոլոր տեսակի նոր հանքավայրերի բացման ու շահագործմանը Հայաստանում: ՀՀ-ում ուղղակի որոշ մարդիկ ուզում են բիզնես ունենալ, դրա համար ընտրել են հանքարդյունաբերությունը: Անգամ եթե պահպանվեն էլ բոլոր միջազգային չափանիշները, ՀՀ-ում այդ քանակությամբ մետաղական հանքավայրերի շահագործումը հղի է անդառնալի հետևանքներով, որոնք զգալի կլինեն 20-30 տարի հետո»:

Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը մտահոգություն հայտնեց, թե Սևանա լիճը դարձրել են ձկնաբուծարան: Այնուհետև շեշտեց. «Իրականացվում է երկրի եղած ու չեղած բնական պաշարների գազանաբար սպառում օլիգարխիկ համակարգի կողմից: Չի կարելի Սևանը վերածել փորձադաշտի»:

Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը նշեց, թե հիմնախնդիրների մասին բարձրաձայնում է որպես Սևանի ափին ապրող մարդ ու քննադատեց Սևանը սնուցող գետերի վրա ՀԷԿ-երի կառուցման փաստը. « Մեկ էլ քնեցինք, զարթնեցինք, տեսնենք, Մարտունու ՀԷԿ-ը կառուցված է, ոչ մի քննարկում, ոչինչ չէր կազմակերպվել: Արդյունքում Մարտունու գետում նույնիսկ հիմա գորտ չկա: Իսկ տուրբինից դուրս եկող ջրում գորտի ոտքեր ու ձկան փշեր են երևում, բոլորը նկարել ենք»:

Տիկին Գևորգյանը նաև մի գործնական խորհուրդ տվեց. «Մեծ չափսերի սիգա ձկներ մի գնեք, դրանք հորմոն կերած են, Սևանում մեծ չափերի սիգա չի լինում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930