Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղրանք է այն տեղը, որ մեզ տվել է «Freedom House»-ը». Ահարոն Ադիբեկյան

Հունիս 05,2015 16:42

Ամերիկյան «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության այս տարվա տվյալներով Հայաստանը ԶԼՄ-ների ազատության ցուցանիշով 199 երկրների շարքում 136-րդ տեղն է զբաղեցնում, ինչը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ծաղրանք է համարում. «Ծաղրանք է այն տեղը, որ մեզ տվել է «Freedom House»-ը, քանի որ պետք է հաշվի առնել նաև երկրում առկա ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, որն էլ իր հերթին բխում է տնտեսական ազատությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ գնահատման մեթոդաբանությունն իր համար կասկածելի է. «Մեր երկրում հասարակության ճնշող մեծամասնությունը համացանցի միջոցով է տեղեկություններ ստանում, իսկ Հայաստանը համացանցի ազատության տեսանկյունից առաջատար դիրքերում է (200 երկրների շարքում 17-րդն ենք)»:

Հիշեցնենք, որ «Freedom House»-ի հրապարակած «Մամուլի ազատություն-2015» զեկույցի մեթոդաբանության համաձայն՝ Հայաստանի զբաղեցրած 136-րդ տեղը սահմանագծային է՝ «ոչ ազատ» կատեգորիայից «մասամբ ազատ» կատեգորիայի անցման տեսանկյունից:

Իսկ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով Հայաստանը 180 երկրների շարքում 78-րդն է։

Ա. Ադիբեկյանն առավել հավաստի է համարում այս կազմակերպության տվյալները. «Երկու կազմակերպությունների տված գնահատականների տարբերությունը զգալի է: Ըստ «Freedom House»-ի՝ մենք հետամնաց ազգ ենք, իսկ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ ոչինչ, նորմալ երկիր ենք: Հետևաբար՝ «Freedom House»-ը կամ կողմնակալ է կամ էլ սխալ մեթոդաբանություն է ընտրել»,- կարծում է սոցիոլոգը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ամեն քաղաքական ուժ իր լրատվամիջոցն ունի: Արևմուտքում արգելված է, որ քաղաքական ուժերն իրենց ԶԼՄ-ն ունենան, Հայաստանում էլ է արգելված, բայց մենք «խորամանկ ազգ ենք». «Սակայն այն, որ տարբեր լրատվամիջոցներ տարբեր կերպ են մոտենում նույն խնդրին, տարբեր տեսանկյուններից են մեկնաբանում, հասարակությանն այլընտրանքի հնարավորություն է տալիս»,- ասաց Ա. Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ մեր ԶԼՄ-ները գրում են այն, ինչ ուզում են, սակայն պաշտոնյաներն ուշադրություն չեն դարձնում այդ ամենին՝ «ինչ ուզում ես՝ գրիր»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930