Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ փոխոստիկանապետը օրինակ չի վերցնում Վլադիմիր Գասպարյանից

Հունիս 05,2015 15:43

Ինչպես գրել ենք, կադրերի ռեզերվ ուղարկված գնդապետ Վահրամ Ենգոյանին Շիրակի մարզի փոխոստիկանապետի պաշտոնում վերանշանակելու փաստն անչափ զայրացրել էր Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուի սպանության գործով ամբաստանված Հարություն Սարգսյանի մորը՝ Անահիտ Նիկոլյանին: Նա բողոք էր ներկայացրել տարբեր լրատվամիջոցների, այդ թվում եւ Aravot.am-ին՝ Վլադիմիր Գասպարյանից պարզաբանում պահանջելով այս նշանակման համար:

Տիկինը նշում է, որ Վահրամ Ենգոյանը Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի հետ միասին դաժան ծեծի ու կտտանքների է ենթարկել իր որդուն՝ Հարություն Սարգսյանին (նա Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին է), որպեսզի իր վրա վերցնի Կարեն Եսայանի սպանությունը: Այս փաստով անգամ քրեական գործ է հարուցվել ոստիկանության այս երկու պաշտոնյաների դեմ, որը, սակայն, կարճվել է:

Անահիտ Նիկոլյանը ՀՀ ոստիկանապետին հարցնում էր. «Վլադիմիր Գասպարյան, այդ դուք չէի՞ք, որ ասում էիք ղասաբներից պիտի ազատվեք, հիմա էդ Ենգոյան Վահրամը որ եկել է՝ ո՞ւմ տունը պտի քանդի, ո՞ւմ օջախը պիտի մարի նորից, կրիմինալին նորից պարարտացնելո՞ւ է ինքը, նա կարտոֆիլագործ է, ճակնդեղագործ, ոչ թե ոստիկան: Նա ծեծել, ջարդել էր, կտտանքների էր ենթարկել իմ տղային, փնթի գործ սարքելով նրա վրա»:

Մենք փորձել էինք պարզաբանումներ ստանալ Վահրամ Ենգոյանից, սակայն նա երեկ ամբողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Այսօր վերջապես հաջողվեց խոսել փոխոստիկանապետի հետ, սակայն Վահրամ Ենոգյանը մեզ զարմացրեց իր պատասխանով: Վերջինս ասաց, որ ինքը նախարարությունում է եւ չի կարող խոսել, մեր հարցին, թե չէի՞ք ուզի ձեր խոսքն ասել, մեկնաբանել, թե ինչո՞ւ է ձեր դեմ այդպես բորբոքված Հարություն Սարգսյանի մայրը, ինչո՞ւ է բողոքներ ներկայացնում տարբեր խմբագրություններ, ընդ որում՝ որոշակի վիրավորանքներ կան ձեզ հասցեագրված, փոխոստիկանապետը խորհուրդ տվեց այս հարցով դիմել ոստիկանության լրատվության բաժին, ու խոսակցությունը կիսատ թողնելով` անմիջապես անջատեց հեռախոսը:

Թե ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանը նրան վերանշանակել այդ պաշտոնում, հատկապես այն դեպքում, երբ նրան պաշտոնազրկելուց հետո դաժանաբար քննադատել էր, սա թերեւս արժի, որ պարզաբանի Վլադիմիր Գասպարյանը կամ թեկուզ նրա շուրթերով ոստիկանության լրատվության ծառայությունը, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ կոնկրետ անձի հասցեագրված կոնկրետ մեղադրանքների ու վիրավորանքների մասով պիտի պատասխան տա ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը կամ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Միգուցե բարեփոխվող ոստիկանի կերպար ստեղծելիս, նկատի ունենան նաեւ լրատվամիջոցների հետ նորմալ շփվող ոստիկանների՞ն:

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը սիրում է շփվել լրատվամիջոցների հետ, չի խուսափում անգամ ամենաանցանկալի, սադրիչ հարցից…Այնպես որ, վատ չէր լինի, եթե փոխոստիկանապետը օրինակ վերցներ իր շեֆից, հատկապես երբ խոսքը վերաբերում է սեփական անձի հեղինակությանն ու արժանապատվությանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930