Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել` բերքը հրդեհներից ու մկնանման կրծողներից պաշտպանելու և անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հատկապես Մարտունու և Հադրութի շրջաններում բերքահավաքը սկսել այն դաշտերից, որտեղ արդեն երևում են մկնանման կրծողներ:
«Բավարար եմ գնահատում շրջաններում տարվող հակահրդեհային աշխատանքները և պահանջում եմ նույն ոճով դրանք շարունակել նաև նախալեռնային և լեռնային գոտիներում, իսկ հնձի ավարտից անմիջապես հետո՝ դաշտերը մաքրել և նախապատրաստել հաջորդ ցանքսին»,- նշել է վարչապետը:
Գյուղնախարար Ա. Խաչատրյանի խոսքով` հանրապետությունում արդեն հնձվել է գարու շուրջ 400 հեկտար ցանքատարածություն՝ 31 ցենտներ նախնական միջին բերքատվությամբ: Գարու ակնկալվող մոտ 45 հազար տոննա բերքն ընդունելի գներով մթերելու հարցը խորհրդակցության հիմնական թեման էր, մանավանդ, որ Արցախի և Հայաստանի հանրապետություններում դրա պահանջարկը քիչ է՝ ցորենի համեմատությամբ:
Կարդացեք նաև
Անդրադառնալով գարու մթերման հնարավոր գնին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Բանակցություններ են տարվում Հայաստանի Հանրապետության՝ գարի մթերող խոշոր ընկերությունների հետ` Արցախից արտահանվող գարին անցած տարվա գնով՝ 115 դրամով ընդունելու համար: Բացի դրանից, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» պահեստներում գարին կընդունվի 105 դրամով, ինչը նշանակալի աջակցություն կլինի արտադրողներին: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող հողօգտագործողները կարող են փոխանակման եղանակով պայմանավորվածություններ ձեռք բերել հիմնադրամի հետ»:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև գյուղտեխնիկայի բավարար քանակի ապահովման և խոտհարքի կազմակերպման հետ կապված հարցեր: Ցորենի գնի ձևավորման հարցում պետական միջամտության չափը կորոշվի ավելի ուշ` բերքահավաքի մեկնարկից և շուկան ուսումնասիրելուց հետո:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին