Դ Ի Մ ՈՒ Մ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ,
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
«Մտավորականնների խորհուրդ» հասարակական կառույցը ներկայացնող տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներս միավորվել ենք մեկ նպատակով՝ բարձրացնել հանրությանը հուզող հիմնահարցերն ու ներկայացնել դրանց լուծումն ապահովող այլընտրանքային առաջարկներ ու ծրագրեր:
Պաշտոնական վիճակագրությունը և մասնագիտական վերլուծությունները վկայում են, որ իրականացվող առանձին ձեռնարկումները չեն կարող բերել արմատական փոփոխությունների՝ բոլորիս առջև ծառացած գլխավոր հիմնահարցերը լուծելու համար: Մասնավորապես, կարևորվում է երկրի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացումը և որպես դրա հետևանք` հանրապետությունը արյունազրկող աղետալի արտագաղթի կանխումը:
Կարդացեք նաև
Կառավարության հարգելի’ անդամներ:
Ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, իրական առաջընթացի բացակայությունն օրվա հրամայական է դարձրել Հայաստանի կառավարության ծրագրային մոտեցումների վերաբերյալ հանրությանը հաշվետվություն ներկայացնելու հարցը:
Մասնավորապես առաջարկում ենք համատեղ քննարկել հետևյալ գերակա խնդիրները.
1.Որքանո՞վ են նպատակին ծառայում ստացված փոխառությունները, որո±նք են դրանց մարման աղբյուրները, արդյո՞ք մշակված են տնտեսական ծրագրեր, որոնց իրականացումը արդյունավետ է դարձնում վարկային ծրագրերը:
2. Որո՞նք են սոցիալ-տնտեսական ռազմավարական զարգացման այն ուղղությունները, որոնց օգնությամբ հնարավոր է կանխել տնտեսության անկումը և հաղթահարել սոցիալական բևեռացումը:
3. Աղքատության հաղթահարման ինչպիսի՞ իրական ծրագիր է իրականացվում երկրում այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով աղքատության շեմին և դրանից ցածր մակարդակի վրա է գտնվում մեր բնակչության ավելի քան մեկ երրորդը:
4.Ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը գազի և էլեկտրաէներգիայի սակագների աճը կանխելու նպատակով: Ո՞վ և ինչպե՞ս պետք է պատասխանատվություն կրի սակագների չհիմնավորված բարձր մակարդակի և գերածախսերի, ինչպես նաև՝ դրանցով պայմանավորված տնտեսական և սոցիալական վնասների համար:
5. Ի՞նչ քայլեր են նախատեսվում՝ կանխելու գյուղական բնակավայրերի ամայացումը և առավել մեծ չափերի հասնող արտագաղթը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության իրավունքն է՝ լինել իրազեկված և իր մասնակցությունն ու աջակցությունը բերել սոցիալ-տնտեսական քաղաքականությանն ու կենսական խնդիրների վերաբերյալ որոշումների կայացմանը, իսկ իշխանությունների պարտքն է աշխատել թափանցիկ և իրազեկել իրականացվող քայլերի մասին, հրավիրում ենք Հանրապետության վարչապետին վերը նշված խնդիրների շուրջ բաց քննարկման, որն առաջարկում ենք կազմակերպել հունիս ամսվա ընթացքում:
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՌԱՔԵԼՅԱՆ (Քանդակագործ)
ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ (քիմիական գիտ. թեկնածու)
ԻԳՈՐ ԲԱԳԻՐՅԱՆ (Տնտեսական և ֆինանսական անվտանգության փորձագետ)
ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑ (Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ)
ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆ (Երևանի աշխարհաքաղաքական ակումբ)
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ (Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
ՆԻԿԻՏԱ ԶԱՐՈԲՅԱՆ (Տեխնիկական գիտությունների թեկնածու)
ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ (Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտություննրի.դոկ.)
ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ( «ՆՈՐԱՎԱՆՔ» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն)
ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ (Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր)
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ (Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
ՋՈՒԼԻԵՏԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ («Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր)
ԲԵՆԻԱՄԻՆ ՄԻՐԶՈՅԱՆ (տնտեսագետ, պրոֆեսոր)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ (արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ)
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ (Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար)
ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆ (Լրագրող, հաղորդավար)