Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այվազյանը՝ Արամ Մանուկյանին. «Ընձի քննիչի տե՞ղ ես դրել» (Տեսանյութ)

Հունիս 05,2015 15:12

«Խախտումներն ու չարաշահումներն այստեղ համարյա կասկած չեն հարուցում, մեր հանձնաժողովը պետք է որոշում կայացնի գործերն ուղարկել դատախազություն: Սա չի նշանակում, որ մարդկանց մեղադրում ենք հանցագործության մեջ: Կան կասկածելի փաստեր, մենք ուղարկում ենք՝ քննարկելու օրենսդիր մարմնի կասկածները»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպես առաջարկեց գազի հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները՝ չարաշահումների եւ խախտումների վերաբերյալ հանձնաժողովի անունից ուղարկել դատախազություն:

Նրա խոսքերով՝ «Երկու ակնհայտ փաստ կա՝ բոլոր իրավաբանական անձինք վառում են որոշակի քանակի հոսանք, գազի տեսուչները մշտապես իրավաբանական անձանց գազի սպառած քանակի վրա ավելացնում են գործակից: Տարիներ շարունակ այս ակնհայտ կոռուպցիոն գործարքն իրականացվել է: Չկա որեւէ պայմանագիր, որեւէ որոշում, որ պետք է այսպիսի հաշվարկ կատարվի, պարզեցվի ընթացակարգը: Տեսուչները ճնշման գործակից անվան տակ բազմապատկում են գործակցով՝ մինչեւ 1.07: Սա նշանակում է, որ իրավաբանական անձինք կարող են սպառել 1000 խմ գազ, բայց մուծել 1500 խմ-ի համար: Սա ակնհայտ գողություն է սպառողներից, եւ դատախազությունն այստեղ անելիք ունի»:

Երկրորդ խախտումը, ըստ Արամ Մանուկյանի, հետեւյալն է՝ «Մենք ունենք մինչեւ 10 հազար խմ եւ դրանից ավելի գազ սպառողների խումբ: Եթե դու վառում ես 10 հազար 20 խմ, դու ընկնում ես շատ քիչ վճարողների ցուցակի մեջ, իսկ այդ քիչ ասածը ամսվա մեջ կարող է ընկնել 1000 դոլար: Այստեղ ունենք տվյալներ, որ գազի հաշվարկ անողները իրավաբանական անձանց հետ գործարքի մեջ են մտնում, անում են այնպես, որ սպառողը ավելացնի իր սպառումը 10 հազարից ավելի եւ ընկնի էժան վճարման տակ: Շուրջ 2000 կազմակերպություն կա ՀՀ-ում, որ 10 հազար խմ-ից ավելի են վառում եւ 800-ը այդ եզրագծով սպառողների մեջ է, որ սպառում են 10 հազար եւ չնչին քանակ ավելի՝ էժան վճարելու համար: Դատախազությունն այստեղ էլ անելիք ունի, որ կարող է զսպել»:

Վարդան Այվազյանն էլ ասաց, որ այն, ինչ դուք ասացիք, ԱԺ-ի կայքում կա, դատախազությանը ոչ մի բան չի խանգարում, որ դա վերցնի վարույթ: Նա հորդորեց հանձնաժողովի անդամներին վատ դրության մեջ չդնել. «Ես, օրինակ, դեմ եմ, որովհետեւ անիմաստ գործողություն է: Եթե բաներ ունեք ասելու, Ձեր խոսքերը հաղորդում տվեք դատախազություն: Մի հատ դեպք կարա՞ք ասեք, որ փող են տալիս ու 10 հազարից երկու խորանարդ մետր շատ են վառում, որ էժան մուծեն: Մի դեպք կարո՞ղ եք արձանագրել ձեր բազում դեպքերից: Ես էլ տակը, որպես երկրորդ մարդ կստորագրեմ»:

Վարդան Այվազյանն ասաց, որ ամսի 12-ին ժամը 12-ին հանձնաժողովը էլեկտրաէներգիայի թանկացման մասին խորհրդարանական բաց լսումներ է կազմակերպում, որտեղ մասնագետները, ՀԿ-ները, բոլորը կարող են իրենց տեսակետը հայտնել:

Արամ Մանուկյանն ասաց, որ իրեն որեւէ բան չի խանգարում ուղարկել դա դատախազություն, բայց տարբերություն կա, երբ 1 պատգամավոր է դիմում ու երբ ԱԺ-ն է դիմում. «Ի՞նչն է խանգարում, որ ԱԺ-ում քննարկենք՝ այս հարցն ուղարկե՞նք դատախազություն, թե՞ չէ: Ի՞նչն է խանգարում, որ հանձնաժողովն ասի՝ եկեք գնանք բաց քննարկման: Ինչո՞ւ եք ասում, որ ձեր հանձնաժողովի անդամները վատ վիճակում են հայտնվում: Ի սեր Աստծո, ես հո չեմ ասում մեղադրանք ներկայացնեն գազի տեսուչներին, ասում եմ՝ այս գործերով թող ուսումնասիրեն»:

Վարդան Այվազյանն արձագանքեց. «Բացարձակապես ձեր հետ համամիտ չեմ»: Արամ Մանուկյանի խոսքերով՝ կզարմանայի, եթե համամիտ լինեիք:

Վարդան Այվազյանը վիճեց. «Լուրջ բան ասեիր՝ համամիտ լինեի: Ընձի քննիչի տե՞ղ ես դրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930