Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը պահանջում է, որ Բրազիլիայի կողմից` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ճանաչել-չճանաչելու հարցի հետ կապված աղմուկի և թյուրիմացության վերաբերյալ հայկական կողմից պատասխանատվության ենթարկվեն:
Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, թե Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, մինչդեռ այն դեռ չէր ճանաչվել: Այս երևույթը Ստեփան Սաֆարյանն այսպես է մեկնաբանում. «Սա նույնն է, ինչ այստեղ լուրջ երկրների դեսպանատները չիմանան, թե ինչպես է ԱԺ-ն աշխատում: Բայց շատ դժվար է հայտարարել ու խոստովանել, որ տեղի է ունեցել մեծ փնթիություն: Ի բարեբախտություն մեր ԱԳՆ-ի, Բրազիլիայի վերին պալատը օրեր անց ընդունեց բանաձևը»:
Aravot.am-ի հարցին` նման միջադեպերը վկայում են այն մասին, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի՞ տիրապետում իրավիճակին, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Սա ցույց է տալիս, թե ինչպիսի կադրեր ունենք դիվանագիտության մեջ, ինչպես են նրանք աշխատում: Ստեղծվել է բավականին նուրբ վիճակ, երբ որևէ մեկը չի կարող ասել, որ նախարարը ստում է: Մի ողջ նախարարության ադեկվատության խնդիր է, կամ մեծ փնթիություն է , որը պատիվ չի բերում»:
Ստեփան Սաֆարյանը վրդովված է, թե նման սխալները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ. «Սա անգամ շտապողականություն չէ, անգամ այն վիճակը չէ, որ դե գիտեին, որ ընդունվելու է բանաձևը, դրա համար ասել են, առավել ևս ցեղասպանության ճանաչման հարցն էր, և որևէ ԱԳՆ չի կարող երաշխիք ունենալ, որ այդ բանաձևը անցնելու է: Հաստատ այդ դեպքը չի եղել: ԱԳՆ ղեկավարը իրեն անհարմար իրավիճակում դրած մարդկանց պետք է պատասխանատվության ենթարկի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ