Այսօր «Հանրապետության» հրապարակից դեպի Արցախ մեկնարկած շուրջ 60 սիրող հեծանվորդների հետ էր նաեւ հեռուստալրագրող եւ ռեժիսոր Կարեն Քոչարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ որոշեց միանալ այս միջոցառմանը, նա պատասխանեց, որ ինքը հեծանվով չի անցնելու ճանապարհը, այլ գտնվելու է ՊՆ տրամադրած ավտոբուսում: «Բայց գնում եմ իմ զենքով՝ տեսախցիկով: Արցախը դրախտավայր է, որտեղ բազմիցս եմ եղել աշխատանքի բերումով: Այս անգամ որոշեցի գնալ եւ, պարզապես, հանգստանալ: Այն, որ երթը եւ «Արցախի գավաթը» կազմակերպում է սիրողական հեծանվային սպորտի եւ զբոսաշրջության ֆեդերացիան, շատ եմ կարեւորում: Այն շատ հետաքրքիր կլինի թե հայաստանցիների, թե արցախցիների համար: Այս միջոցառումը եւ սպորտային է, եւ ժամանցային ու ճանաչողական, որն ավելի կամրապնդի Արցախ-Հայաստան կապը: Ես շատ ցանկացա միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի Արցախում նաեւ հանդիպեմ հայ զինվորներին: Գուցե ծանոթներ էլ լինեն, իմ աշակերտներից՝ չգիտեմ: Պետք է հայ զինվորին քաջալերել, ինչը նրանց օդի եւ ջրի պես հարկավոր է», – ասաց մեր գործընկերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ