Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկեց, որ հանձնաժողովի անունից գազի հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտած չարաշահումների եւ խախտումների մասին նյութերն ուղարկեն դատախազություն:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դեմ էր: Նա ասաց, որ մյուս խմբակցությունները որոշել են ստեղծել մոնիտորինգի աշխատանքային խումբ, բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ ՀԱԿ-ի, միացել են նախաձեռնությանը:
Արամ Մանուկյանն ասաց, որ իրեն որեւէ բան չի խանգարում, դա ուղարկելու է դատախազություն ՀԱԿ-ի անունից: Բայց երբ մի ուժ է ուղարկում, դա ուրիշ հնչեղություն ունի, երբ ԱԺ-ի անունից են ուղարկում՝ ուրիշ. «Ի՞նչն է խանգարում, որ քննարկենք»:
Կարդացեք նաև
Վարդան Այվազյանը պատասխանեց՝ «Ասում ես՝ 800 կազմակերպություն քիչ են վճարում, ուզում ես հայկական կազմակերպությունները շա՞տ վճարեն: Ուզում ես, ասա ուզում ես: Այսինքն, քո միակ նպատակն է, որ հայկական կազմակերպություններն ավելի շատ վճարե՞ն, հարց եմ տալիս, ինչի՞ ես փախնում էն յան հարցից»:
Արամ Մանուկյանը բարկացավ. «Ես ձեզ արդեն որերորդ անգամ զգուշացնում եմ՝ ինձ հետ հոգնակիով խոսել: Մենք հանձնաժողովի նիստի ենք, կարող եք առանձին դու-ով խոսել: Ես ձեզ հետ դուք-ով եմ խոսում»:
Վարդան Այվազյանը հեգնեց. «Մշտական պարոն Դուք, ձեզ որ ասում եմ, դա հոգնակի է, շարահյուսականն էլ հիշեք»:
Արամ Մանուկյանը բացատրեց. «Ես ուզում եմ, որ էլ գազ չմսխեն»: Վարդան Այվազյանը շարունակեց Արամ Մանուկյանին դու-ով դիմել. «Իմ ու քո միջեւ էս հարցի վերաբերյալ կա տարբեր մոտեցում»:
Արամ Մանուկյանը եզրակացրեց. «Դուք դառնում եք «Գազպրոմի» փաստաբանը»: Վարդան Այվազյանն էլ բորբոքվեց, թե՝ «Ձեր տված հայտարարություններով՝ ախպերս էլ այնտեղ է աշխատում: Սայթում տեղադրված է սա, մենք ինչի՞ ենք ուզում շոու կազմակերպել, ի՞նչ շոու կազմակերպել»:
Արամ Մանուկյանի դիտարկմամբ. «Ձեզնից լավ շոումեն մեր հասարակությունը չի ճանաչում: Իմ ելույթներին գնահատական մի՛ տվեք, դուք դրա իրավունքը չունեք, ի՞նչ շոու»:
ՀԱԿ պատգամավորն արձագանքեց. «Երբ գազի հանձնաժողովում սկսեցինք աշխատել, հնարավորություն կար, որ այնպես անեինք, որ այսօր չթանկանար: Եթե մենք այդ հանձնաժողովում մի քիչ խիստ լինեինք, այսօր հոսանքի գնի հետ կապված այսպիսի բան չէր լինի: Հանձնաժողովը որեւէ քայլ չի անում՝ թանկացման հետ կապված: Սա արվում է իշխանությունների հետ համատեղ: Դուք չեք կարող սրա դեմն առնել: Եվ ինչ անում են՝շատ լավ են անում, որովհետեւ ունեն ձեր նման աջակիցներ»:
Վարդան Այվազյանը հորդորեց քաղաքական շահարկումներին վերջ տալ. «Հանձնաժողովում դուք ձեզ չափավոր պահեք: Ես որ քեզի թույլ եմ տալիս ելույթ ունենաս, դա դեռ չի նշանակում, որ պիտի բան անես, բարի եղի…»: Արամ Մանուկյանը վիճեց. «Դու ո՞վ ես, որ ինձ թույլ տաս ելույթ ունենալ կամ թույլ չտաս, ո՞վ եք դուք: Դեռ չի եղել մեկը, որ ինձ թույլ չտա ելույթ ունենալ»: Վարդան Այվազյանն էլ արդարացավ, թե խախտում է հանձնաժողովի ռեգլամենտը:
Ի վերջո 3 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով Արամ Մանուկյանի առաջարկը չընդունվեց, ստացավ բացասական եզրակացություն:
Արամ Մանուկյանը, ասելով՝ «սա դեռ սկիզբն է», լքեց նիստը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ