Հեծանվային երթի կազմակերպիչ, սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս միջոցառումը ֆեդերացիայի՝ Հայաստանում հեծանվային մշակույթը զարգացնելու երեքամյա գործունեության ծրագրի մի բաղադրիչն է, որի հիմնական ոլորտները երեքն են. հեծանիվը, որպես սիրողական սպորտ, զբոսաշրջային գործիք եւ փոխադրամիջոց. «Այսօր հիմք է դրվում մի նոր նախագծի, որը պայմանականորեն անվանել ենք «Tour de Artsax»: Սա հեծանվային մշակույթը նաեւ Արցախում որպես զբոսաշրջային եւ ընդհանրապես հեծանվային նախագիծ զարգացնելու առաջին քայլն է:
Այս ծրագիրն իրականացնել մեզ աջակցում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը տրամադրել է թե ավտոբուսներ, թե անհրաժեշտ ամեն բան՝ Երեւան-Արցախ հեծանվային երթը իրականացնելու համար: Երթին մասնակցում են շուրջ 60 սիրող հեծանվորդներ՝ Երեւանից, Գյումրիից, հանրապետության մյուս քաղաքներից ու մարզերից, անգամ՝ Իրանից: Այնպես որ, կարելի է արձանագրել, որ մեր այս առաջին նախաձեռնությունն արդեն միջազգային կարգավիճակ ունի: Այսօր երեկոյան կժամանենք Արցախ, կայցելենք այն վայրերը, որտեղ հայ ազատամարտիկները, այդ թվում նաեւ իմ եղբայրը՝ Սամվել Անտոնյանը, պատերազմել են ու զոհվել, հարգանքի տուրք կմատուցենք արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակին, կայցելենք Շուշի, Գանձասար, պատմամշակութային հուշարձաններ, Արցախի սահմանները պաշտպանող զինվորներին, իսկ հունիսի 7-ին կանցկացնենք «Արցախի գավաթի» անդրանիկ խաղարկությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ